«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և կանխիկ միջոցներ ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը
Օրվա մամուլ
08:27 03/03/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և կանխիկ միջոցներ ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանի հայտարարագիրը թվերի առումով ուշագրավ պատկեր է բացում․ համեմատաբար միջին պետական աշխատավարձի դիմաց՝ խոշոր կանխիկ միջոցներ, բազմաբնակարան գույք և տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսական հոսքեր։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Եսայանի կենսագրությունն ու հայտարարագիրը․ նա փոխնախարար է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ զբաղեցրել է բարձր պաշտոններ ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ գլխավոր քարտուղարից մինչև վարչության պետ։ Մոտ երեք տասնամյակ՝ ֆինանսաբյուջետային համակարգում։ Այսինքն՝ ողջ կյանքում եղել է պետական համակարգի ներկայացուցիչ։

Հայտարարագրում ներկայացված է 8 միավոր անշարժ գույք՝
Ավտոտնակ՝ Երևան (2014, «այլ» եղանակով),
Անհատական տուն՝ Արարատի մարզ, Ազատավան (2012, գնում),
Բնակարան՝ Երևան (2004, գնում),
Անավարտ շինություն՝ Կոտայքի մարզ, Քասախ (2022, գնում),
Հողամաս՝ Երևան (2014, գնում),
Ավտոկայանատեղի՝ Երևան (2021, գնում),
Բնակարան՝ Երևան (2021, գնում),
Բաժնային սեփականությամբ բնակարան՝ ¼ բաժին, Երևան (2012, ժառանգություն): 

Գույքի մի մասը համատեղ է, մեկը՝ բաժնային, ավտոտնակը՝ միանձնյա։

Փոխնախարարը հայտարարագրել է՝ LEXUS (2014 թ., ձեռք բերված՝ 2018-ին),  SUZUKI (2017 թ., ձեռք բերված նույն տարում)

Հայտարարագրում նշված է բաժնեմաս «ԷԿՈԼՈՋԻ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում՝ 5,000 դրամ արժեքով։

Միաժամանակ տարվա սկզբին առկա է եղել 60,000 ԱՄՆ դոլարի պարտատոմս (ARMBROL OJSC), սակայն տարեվերջին դրանց արժեքը դարձել է 0։ Չի հստակեցվում՝ դրանք վաճառվե՞լ են, մարվե՞լ, թե այլ կերպ օտարվել, և որտեղ է արտացոլված ստացված գումարը։ 
«ԷԿՈԼՈՋԻ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին տարվա սկզբին տրամադրված է եղել 50 մլն դրամ փոխառություն։ Տարվա ընթացքում վերադարձվել է 48 մլն դրամ, տարեվերջին մնացել է 2 մլն դրամ։ Բացի այդ, հայտարարագրված է 60,000 ԱՄՆ դոլարի բանկային ավանդ։

Տարեվերջին հայտարարագրված է՝ 50 մլն դրամ կանխիկ, 140,000 ԱՄՆ դոլար կանխիկ, 45,000 եվրո կանխիկ (պատկանում է երրորդ անձի, սակայն գտնվում է իր տնօրինության կամ օգտին)

Այսինքն՝ միայն դոլարային կանխիկը մոտենում է 140 հազարին, իսկ եվրոյով ևս զգալի գումար կա՝ բանկային համակարգից դուրս։

2024 թվականին աշխատավարձը ՀՀ ֆինանսների նախարարությունից կազմել է 15,107,512 դրամ։ Միևնույն ժամանակ՝ Հիպոտեկային վարկի մնացորդ՝ 26,4 մլն դրամ, Տարվա ընթացքում վարկի մարում՝ 3,655,000 դրամ, Անշարժ գույքի վերանորոգում՝ 18,000,000 դրամ: 

Թվերը համադրելով՝ առաջանում են մի քանի առանցքային հարցեր՝ 

15 մլն դրամ տարեկան աշխատավարձի պայմաններում իրականացվել է 18 մլն դրամ վերանորոգում, կատարվել են վարկային մարումներ և միաժամանակ պահպանվել են խոշոր կանխիկ միջոցներ։

50 մլն դրամ և 140 հազար դոլար կանխիկ պահելը՝ բանկերից դուրս, պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում անխուսափելիորեն առաջացնում է միջոցների ծագման և հարկային թափանցիկության հարց։

60 հազար դոլարի պարտատոմսերի զրոյացումը պահանջում է բացատրություն․ որտե՞ղ է դրանց իրացումից ստացված գումարը։

Պաշտոնատար անձի կողմից սեփական ընկերությանը 50 մլն դրամ փոխառություն տրամադրելը և միաժամանակ բաժնեմաս ունենալը կարող է դիտվել որպես շահերի բախման պոտենցիալ ռիսկ։

45 հազար եվրոյի տնօրինումը, որի սեփականատերը այլ անձ է, լրացուցիչ հարցեր է առաջացնում վերահսկողության և հաշվետվողականության տեսանկյունից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder