Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը՝ Կոբախիձեին. Հույս ունենք՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Ձեր ցուցաբերած շարունակական աջակցության համար: Նաև հիմա տեսնում և զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի և տնտեսական կապերի զարգացման ճանապարհին»,-հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի Սիղնաղի բնակավայրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում։
Նիստն անցկացվել է երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։
Փաշինյանն ասել է՝ անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան:
«Եվ հույս ունենք՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով: Իհարկե, այս գործում անգնահատելի է Ձեր աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին։
Փաշինյանի խոսքով՝ կողմերը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այն մեծ հնարավորությունների վրա, որ բացվում է տարածաշրջանի համար:
«Իհարկե, հիմա միջազգային իրավիճակը շատ բարդ է և մեծ առումով տարածաշրջանային իրավիճակն է շատ բարդ: Բայց մյուս կողմից՝ հույս ունենք և համոզված ենք, որ ամեն դեպքում ռազմավարական առումով տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է և մենք պետք է մեր ռազմավարությունները կառուցենք, իհարկե, յուրաքանչյուրս մեր օրակարգը ունենալով, բայց ակնհայտորեն, հնարավորությունների, մարտահրավերների, ռիսկերի տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2021 թվականին ՀՀ Կառավարության ծրագրում ի հայտ եկավ մի հասկացություն, որ նախկինում մեր քաղաքական օրակարգում և խոսույթի մեջ չկար:
«Դա մենք անվանում ենք տարածաշրջանացում: Այս առումով, իհարկե, Վրաստանի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատուկ նշանակություն։ Նաև ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին Վրաստանի աջակցությամբ՝ այդ գործում Վրաստանի դերը չափազանց կարևոր է, փորձում ենք նաև խորացնել եռակողմ տարածաշրջանային համագործակցություն՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կարծում եմ՝ սա էլ մի ուղղություն է, որը շատ մեծ հեռանկար ունի, և ես հույս ունեմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք այս առումով նույնպես որոշակի զարգացումներ ունենալ»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը լավարկում է մթնոլորտը մեր տարածաշրջանում: Նա հույս է հայտնել, որ Վրաստանը նույնպես կկարողանա հասնել կարգավորման. «Մենք, ինչպես նախկինում, հիմա էլ միանշանակ և աներկբա հանդես ենք գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության աջակցությամբ»: