Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, անդրադառնալով ԱՄԷ փակ օդային տարածքով Օմանից Հայաստան իրականացվող թռիչքների բարձր գներին ու դրա շուրջ առկա դժգոհություններին, քննադատություններին, գրում է.
«Մամուլում և տարատեսակ հանրային հարթակներում լուրեր են տարածվում, որ հայկական միակ ավիաընկերությունը, որը ստանձնել է Օմանից տարհանել Իրանի վրա հարձակման հետևանքով Պարսից ծոցի տարածաշրջանում մնացած հայերին, իրականում ոչ թե օգտակար գործ է անում, այլ թռիչքները կատարում է գերշահույթի համար:
Այդպե՞ս է արդյոք իրականում
Բոլոր գրառումների հեղինակները որպես հաշվարկի, գնի հիմք վերցնում են Երևան-Դուբայ (Շարժա, Աբու-Դաբի) թռիչքների տևողությունն ու արժեքը նորմալ, ոչ պատերազմական պայմաններում: Ինչը կազմում էր`
- թռիչքի տևողությունը 2ժ. 45ր
- տոմսի արժեքը $150-300.
Որն ըստ նստատեղերի զբաղվածության ավտոմատ թանկանում էր:
Անձամբ եմ մի քանի տարի առաջ Հունվարի 6-ին Երևան վերադառնալու համար վճարել 1300 դիրհամ, որը մոտ $600 է կազմում:
Հիմա ուշադրություն դարձրեք`
1. տոմսում նշված թռիչքի տևողությանը:
Այն կազմում է ոչ թե 2 ժամ 45 րոպե, այլ 7(յոթ) ժամ 50 րոպե:
Ընդգծում եմ, ` ՅՈԹ ժամ և 50 րոպե:
Այդքան, որովհետև փակ է Իրանի օդային տարածքը, որով թռչելն ապահովում էր ամենակարճ ճանապարհը:
Ա´յս օդանավը ստիպված է թռչել Թուրքիայի վրայով, դուրս գալ Միջերկրական ծով, շրջանցել Հորդանանի, նուննպես արդեն փակ, օդային տարածքը, և Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի օդային տարածքներով հասնել Օման, Մասկատ:
Այսինքն` նորմալ պայմաններում երկու ուղղությամբ ընդամենը 5 ժամ տևող և մոտ €45.000 արժեցող թռիչքի տևողությունն ավելանում է ևս 10 ժամով:
10 ժամ, որի ինքնարժեքը կազմում է մոտ €85.000, թռիչքի ընդհանուր արժեքն ավելացնելով 3 անգամ:
2. Հայկական ավիաընկերության ինքնաթիռները միջին հեռավորությունների համար նախատեսված A-320/321 են: Նրանք նախատեսված չեն 8 ժամանոց (երկար) թռիչքների համար: Իսկ այդպիսիք կատարելու դեօքում, ինչը պահանջում է ավելորդ 12 տոննա վառելիք, ստիպված են զոհաբերել ուղևորների քանակի վրա, կամ թռիչքն իրականացնել հավելյալ միջանկյալ վայրէջքով , որը նույնպես կապված է հավելյալ վճարների հետ:
3. Խաղաղ պայմաններում կատարվող չվացուցակային թռիչքի համար վաճառվում են տոմսեր 2 ուղղությամբ:
Կարծում եմ, Օմանից Երևան հատուկ թռիչքներին գեթ 1 տոմս Երևան-Մասկատ ուղղությամբ չի վաճառվել:
Այսինքն, անկախ տոմսի արժեքից, 1 ուղղությամբ կատարվող չարտերային թռիչքի 1 տոմսի արժեքն արդեն իսկ նորմալ, չվացուցակային թռիչքի կրկնակին է կազմում: Գումարած նստատեղերի ոչ լիարժեք օգտագործումը:
4. Համաձայն միջազգային կարգավորումների, և Ապահովագրական ընկերությունների պահանջի, ցանկացած թռիչք, որը կատարվում է ռազմական վտանգներ պարունակող օդային տարածքներում, պետք է ունենա հատուկ` «ռազմական ռիսկերից» ապահովագրություն, որը նույնպես շոշափելի գումար է:
Թանկ է արդյոք €900-1100 Մասկատ-Երևան 1 ուղղությամբ թռիչքի համար:
Կարծում եմ` այո, շատ թանկ է
Հիմնավորվա՞ծ է արդյոք փոխադրողի կողմից այդ արժեքը; Պնդում եմ` Այո, ավելի քան հիմնավորված է:
Իսկ ի՞նչ է պետք անել, որ դժվար կացությունում հայտնված մեր հայրենակիցների էլ ավելի մեծ դժվարության մեջ չհայտնվեն:
Ընդամենը մեկ բան` սատարել նրանց:
Պետությունը, որն ունի €60 մլն ավելորդ գումար, հունգարական «WizzAir” -ին սուբսիդավորելու համար, ՉԻ ԿԱՐՈՂ իր քաղաքացիների տարհանումը թողնել մասնավոր ընկերության ուսերին:
Եվ WizzAir-ի սուբսիդավորման հետ համեմատ «չնչին» 600 հազարը ՊԱՐՏԱԿԱՆ էր տրամադրել իր մասնավոր ընկերություններին գոնե առաջին 4 թռիչքները 1 օրվա մեջ կազմակերպելու համար:
Օրինակներ պատմությունից շատ կարելի է բերել, երբ պետությունը ստանձնում է ոչ միայն իր քաղաքացիների, կամ իր ազգակիցների տարհանումը, այլ նույնիսկ հավատակիցների, ինչպես Իսրայելն արեց Եթովպիայից մոտ 40 հազար մարդ 1 օրում տարհանելով: «Սողոմոն» օպերացիային մասնակից դարձնելով 24 ռազմական բեռնատար օդանավ, և 10 քաղաքացիական օդանավ ավիաընկերությունից»։