Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։ Տեղում պարզվել է, որ նշված տեղեկությունը հավաստի է և նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Դեպքի մասին Երևանի քրեական վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Այս պահին քրեական ոստիկանները ու քննիչները պարզում են՝ արդյոք այլ վիրավորներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։