Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է դիմել ՀԷՑ-ին՝ սուբսիդավորելու հոսանքի ծախսը, սակայն այլ տեղեկատվություն ՀԷՑ-ից չեն տրամադրում՝ համարելով գաղտնի
Հասարակություն
11:37 06/03/2026
Հայաստան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է դիմել ՀԷՑ-ին՝ սուբսիդավորելու հոսանքի ծախսը, սակայն այլ տեղեկատվություն ՀԷՑ-ից չեն տրամադրում՝ համարելով գաղտնի

ՀԷՑ-ը 2025 թվականի դեկտեմբեր ու 2026 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին կսուբսիդավորի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսի 50 %-ը։ ՀԷՑ-ից, ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման, հայտնել են, որ եկեղեցին է պաշտոնական գրությամբ դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը՝ ծախսը սուբիսավորելու համար։  

«Հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Սպառողների առանձին խմբերին բարեգործական օգնության տրամադրման» Կարգի 7.10 կետի պահանջը՝  ծրագրում կարող են ընդգրկվել ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Վերջինս պաշտոնական գրությամբ դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը։ 

Հավելենք, որ տարիներ շարունակ նույն բարեգործական օգնության տրամադրման  ծրագրում ընդգրկվել են ՀՀ-ում գործող մի շարք այլ եկեղեցիներ»,- հայտնել են ՀԷՑ-ից։ 

Հիշեցնենք, որ եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Նիկոլ Փաշինյանի  «եկեղեցու բարենորոգման» ծրագրին միացած ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումը պահանջող Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է։ 

Panorama.am-ն այլ հարցեր ևս ուղղել էր ՀԷՑ-ին՝ մասնավորապես՝ ինչքա՞ն է կազմել եկեղեցու դեկտեմբեր, հունվար ամիսների հոսանքի վարձը, է՞լ որ եկեղեցիների հոսանքի վարձն է 50 տոկոս զեղչվել, կա՞ն անհատներ, կազմակերպություններ, որոնց հոսանքի վարձը նույնպես զեղչվել է և ի՞նչ հիմքով, ինչի՞ հիման վրա և եթե կան՝ քանի՞ անհատ, քանի՞ կազմակերպություն և ովքե՞ր են։

ՀԷՑ-ից մեջբերել են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ «գաղտնապահական տեղեկատվություն՝ լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև սպառողներին վերաբերող՝ լիցենզավորված անձի մոտ առկա տեղեկությունները»։ 

Նույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավարությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի»։ 

«Իրավական նորմերից բխում է, որ Ընկերությունը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի, ուստի Ընկերությունն իրավասու չէ տրամադրել հայցվող տեղեկատվությունը»,- նշված է ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Ս. Մինասյանի պատասխանում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է դիմել ՀԷՑ-ին՝ սուբսիդավորելու հոսանքի ծախսը, սակայն այլ տեղեկատվություն ՀԷՑ-ից չեն տրամադրում՝ համարելով գաղտնի