«Լռեցնելու փորձ է»․ Panorama.am-ին տված հարցազրույցի հիմքով Լիդիան Արմենիան դատի տվել Նազելի Վարդանյանին
Իրավունք
15:30 07/03/2026
Հայաստան

«Լռեցնելու փորձ է»․ Panorama.am-ին տված հարցազրույցի հիմքով Լիդիան Արմենիան դատի տվել Նազելի Վարդանյանին

 Լիդիան Արմենիան դատական հայց է ներկայացրել ընդդեմ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանի։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Վարդանյանից  պահանջում են հերքել ս․թ․ հունվարի 20-ին panorama.am լրատվական կայքում և youtube-յան ալիքում հրապարակված հարցազրույցի ընթացքում «զրպարտություն» համարվող հայտարարությունները։

 Panorama.am-ին տված հարցազրույցին կարող եք ծանոթանալ ՝ այստեղ։

«Այն ինչ ասել եմ և գրվել է կայքում, արդեն 20 տարի ասում եմ։ Օրինակ՝ այն, որ ոսկու  պաշարների քանակը հաստատված է և դրա մասին գրված է նաև իրենց բոլոր հաշվետվություններում։  Հաջորդը ՝   ընկերությունը սնանկացման գործընթացում է գտնվում և իրենց ակտիվները փոխանցվել են ֆինանսական կորպորացիաներին, այս մասին էլ գրաված է Օնտարիոյի դատարանի կայքում։ Եվ երրորդ կետով՝  պայթեցման մասին  է խոսքը։ Նկարում վարդագույն, նարնջագույն ինչ-որ ամպ էր և   ոչ ոք չի ստուգում, թե մարդու առողջության վրա այդ գունավոր ամպերը ո՞նց են ազդելու։ Հիմա չգիտեմ՝ այս նշվածներից  ո՞րն  է իրենց հեղինակությանը վնաս հասցրել, եթե 20 տարի դրա մասին խոսում ես և  հիմա հիշել են, որ պետք է դատի տան»,-  Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Իրավաբանի համոզմամբ՝ այս ամենը հերթական անգամ լռեցնելու փորձ է։

«Այս ամենը տեղավորվում է SLAPP (Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության)  գործերի կարգին և լռեցնելու, վախեցնելու միտում ունեն»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ  օրենսդրությունում փոփոխություններ պետք է արվեն և նմանօրինակ գործերն առահասարակ վայրույթ չպետք է ընդունվեն։

«Արդեն կա նախագիծ, որը պետք է ընդունվի։ Եվրոպայում արդեն կա SLAPP ռազմավարական գործերով օրենք, այսինքն՝ բնապահպանների, լրագրողների, փաստաբանների դեմ ուղղված դատական գործերն ընդհանրապես վարույթ չեն ընդունվում, քանի որ ի սկզբանե պարզ է, որ դրանք լռեցնելու, վախեցնելու միտում ունեն»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ օրենդրությունում փոփոխություն անելն անհրաժեշտություն է, քանի որ միայն իր նկատմամբ չէ, որ նման գործեր են հարուցվում։ Բազմաթիվ գործեր կան բնապահպանների ու լրագրողների նկատմամբ հարուցված։

«Այսքան մարդկանց գործից կտրել, գցել դատական  քաշքշուկի մեջ և տարիներով դատական պրոցեսներով անցկացնել, իրենց նպատակն էլ  դա է՝ մարդը հոգնի, ո՛չ խոսա, ո՛չ պայքարի։ Մյուս կողմից էլ սահմանադրական իրավունքի խախտում է,  խոսքի ազատության խախտում։ Մարդիկ իրազեկված լինելու իրավունք ունեն, իսկ ո՞վ պետք է իրազեկի։ Իրազեկում են մարդիկ, ովքեր մասնագետ են այդ ոլորտում, աշխատում են և պարտավոր են դա անել։ Ես էկոլոգ-իրավաբան եմ և իմ մասնագիտությունը հենց դրա համար է՝ մարդկանց իրազեկել օրենքների մասին, նշել՝ որտեղ խախտում կա։ Եթե այդ ամենը չեմ անելու, իմ մասնագիտության մեջ չեմ կարող աշխատել, անիմաստ է դառնում աշխատանքս, իսկ մասնագիտական գիտելիքները կիրառելն՝ անհնարին»,- ընդգծեց իրավաբանը։

Մասնագետը միևնույն ժամանակ նշում է, որ օրենսդրական փոփոխությունները չեն վերաբերում հայհոյանքներ, վիրավորանքներ պարունակող գործերին, այլ զուտ ներկայացված փաստերի դեմ հարուցված գործերին, որոնք ոտանահարում և սահմանափակում են խոսքի ր իրազեկ լինելու իրավունքը։

«Արդեն նոր օրենքի նախագիծը պատրաստել ենք, բայց  դեռևս շրջանառության մեջ չի դրվել։ ՀԿ-ների շրջանում նախնական քննարկումներ տեղի են ունեցել,  բայց դեռևս Կառավարություն պետք է հասնի, այնուհետև՝ Ազգային ժողով։  Մենք առաջարկել ենք, ինչպես ԵՄ -ում է, այդպես էլ Հայաստանում ի սկզբանե այդ գործերը վարույթ չընունվեն։ Եթե վարույթը ընդունեն ու նորից 5-6 կամ  10 տարի քաշքշուկի մեջ պետք է ընկնել, նույն բանն է ստացվում։ Մարդիկ փաստաբան պետք է վարձեն և իրենց ժամանակը տրամադրեն այդ  դատական պրոցեսներին։  Բնապահպանության ոլորտն առանց այդ էլ շատ ծանր և վտանգավոր է, քանի որ մեծ բիզնեսի մասին ես խոսում, բացահայտումներ անում, մի հատ էլ կողքից դատական պրոցեսներ են լինում»,- հավելեց նա։

Նազելի Վարդանյանի փոխանցմամբ՝ իր նկատմամբ այս պահին կա երկու գործ, որոնք կապված են  Գլաձորի հանքի և  Ամուլսարի հետ։

 «Գլաձորի գործով  մեկ միլիոն  դրամ են պահանջում, իսկ  Ամուլսարի գործով՝ 6 միլիոն։ Տեսնենք՝ ինչ կլինի, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ այդ դատական գործերով որևէ մեկին չեն կարողացել վախեցնել կամ լռեցնել»,- նշեց  Panorama.am-ի  զրուցակիցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Լռեցնելու փորձ է»․ Panorama.am-ին տված հարցազրույցի հիմքով Լիդիան Արմենիան դատի տվել Նազելի Վարդանյանին