Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ կստեղծվի հատուկ հանձնաժողով
Կրթություն, գիտություն
18:00 09/03/2026
Հայաստան

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ կստեղծվի հատուկ հանձնաժողով

Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։

Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում: Որոշումն ընդունվել է Սամարղանդում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև ակադեմիկոսի ընտանիքի անդամներն այցելել են նրա շիրիմին և ծաղիկներ խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայագիտության նշանավոր երախտավորի հիշատակին։

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ անվանի գիտնականի հոբելյանը պատշաճ կերպով նշելու և նրա գիտական ժառանգությունն արժևորելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հոբելյանական տարին կարևոր հնարավորություն է ոչ միայն գիտնականի հիշատակը հարգելու, այլև նրա գործունեության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։

Քննարկվել են նաև «Աճառյան 150» հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումները։ Դրանց թվում են միջազգային գիտաժողովի անցկացում, գիտական աշխատարանների և տարբեր կրթական նախաձեռնությունների իրականացում, դպրոցներում ընթերցումների և ճանաչողական ծրագրերի կազմակերպում, ինչպես նաև ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի և Մատենադարանի համագործակցությամբ։ Հոբելյանական տարվա միջոցառումների ամբողջական ծրագիրը կքննարկվի և կհաստատվի Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի առաջիկա նիստում։

Հրաչյա Աճառյանը (1876–1953) հայ և համաշխարհային լեզվաբանական մտքի բացառիկ ներկայացուցիչներից է, որի գիտական ժառանգությունը հիմնարար նշանակություն ունի հումանիտար գիտությունների զարգացման համար։ Աճառյանի բազմակողմանի գիտական գործունեությունն ընդգրկում է հայոց լեզվի գրեթե բոլոր հիմնական բնագավառները՝ բարբառագիտություն, պատմահամեմատական լեզվաբանություն, բառագիտություն, քերականություն, անունաբանություն և հայ գրերի պատմություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder