Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ կստեղծվի հատուկ հանձնաժողով
Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։
Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում: Որոշումն ընդունվել է Սամարղանդում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև ակադեմիկոսի ընտանիքի անդամներն այցելել են նրա շիրիմին և ծաղիկներ խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայագիտության նշանավոր երախտավորի հիշատակին։
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ անվանի գիտնականի հոբելյանը պատշաճ կերպով նշելու և նրա գիտական ժառանգությունն արժևորելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հոբելյանական տարին կարևոր հնարավորություն է ոչ միայն գիտնականի հիշատակը հարգելու, այլև նրա գործունեության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։
Քննարկվել են նաև «Աճառյան 150» հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումները։ Դրանց թվում են միջազգային գիտաժողովի անցկացում, գիտական աշխատարանների և տարբեր կրթական նախաձեռնությունների իրականացում, դպրոցներում ընթերցումների և ճանաչողական ծրագրերի կազմակերպում, ինչպես նաև ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի և Մատենադարանի համագործակցությամբ։ Հոբելյանական տարվա միջոցառումների ամբողջական ծրագիրը կքննարկվի և կհաստատվի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի առաջիկա նիստում։
Հրաչյա Աճառյանը (1876–1953) հայ և համաշխարհային լեզվաբանական մտքի բացառիկ ներկայացուցիչներից է, որի գիտական ժառանգությունը հիմնարար նշանակություն ունի հումանիտար գիտությունների զարգացման համար։ Աճառյանի բազմակողմանի գիտական գործունեությունն ընդգրկում է հայոց լեզվի գրեթե բոլոր հիմնական բնագավառները՝ բարբառագիտություն, պատմահամեմատական լեզվաբանություն, բառագիտություն, քերականություն, անունաբանություն և հայ գրերի պատմություն։