Քանի դեռ ԶՈւ-ում ունենք նույնիսկ մեկ մահվան դեպք, նշանակում է՝ բարեփոխումները ոչ բավարար մակարդակի վրա են. Իրավապաշտպան
Իրավունք
15:12 10/03/2026
Հայաստան

Քանի դեռ ԶՈւ-ում ունենք նույնիսկ մեկ մահվան դեպք, նշանակում է՝ բարեփոխումները ոչ բավարար մակարդակի վրա են. Իրավապաշտպան

Զինված ուժերում սպանությունների թվի վերաբերյալ գլխավոր դատախազության ու Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի հրապարակած թվերը չեն համընկնում։

Դատախազությունը երեկ հայտարարեց, որ զինված ուժերում 2025-ին սպանության որևէ դեպք չի արձանագրվել, ծառայության հետ կապված մահվան 9 դեպք է եղել։ Մինչդեռ ՀՔԱՎ-ն իր զեկույցում նշել է, որ սպանության 3 դեպք է գրանցվել։

«Որպես սպանություն մենք հաշվել ենք այն դեպքերը, որբ վարույթները հարուցվել են հենց սպանության հատկանիշներով, ինչպես նաև այն դեպքերը, երբ վարույթ հարուցված է այլ հատկանիշեներով, բայց դեպքի նկարագրությունը մեզ հուշում է, որ տեղի է ունեցել սպանություն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱՎ իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։

Օրինակ, 2025 թվականի հունիսին  հայաստանյան զորամասերից մեկում զինծառայողն իր վերադասի հետ,  թեկուզ զորամասի տարածքից դուրս, ունեցել է վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց ու մահացել։

«Այս դեպքով վարույթ հարուցվել է ոչ թե սպանության հատկանիշներով, այլ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից անձին մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, ինչպես նաև խուլիգանության հատկանիշներով։ Բայց մենք դեպքի նկարագարությունից ելնելով, այն դասակարգել ենք որպես սպանություն, մահվան դեպքը փաստացի դրա մասին է վկայում»,-ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ զեկույցում նշվում են նաև դեպքի մանրամասները։

Ինչ վերաբերում է սպանության մյուս երկու դեպքերին, որոնք հիշատակել է ՀՔԱՎ-ն իր տարեկան զեկույցում, ապա Ն. Մովսեսյանն ասաց, երբ զինծառայողի մահ է արձանագրվում ու դեպքի հանգամանքները պարզ չեն, քրեական վարույթ հարուցվում է սպանության հատկանիշներով։ Եղել է դեպք, երբ զինծառայողը հոսանքահարվել է, վարույթ է հարուցվել սպանության հատկանիշներով, հետո հոդվածը փոփոխվել է։

Այս երկու դեպքերը դասակարգել ենք սպանություն, քանի որ վարույթ հարուցվել է հենց սպանության հատկանիշներով,-ասաց նա՝ չբացառելով, որ հետագայում տեղի ունեցածը վերաորակվել է։

ՀՔԱՎ ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 34 զինծառայողի մահացության դեպք, որոնցից 2-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Զինծառայողների մահացության պատճառներն են՝

.առողջական խնդիրներ՝ 10 դեպք,
ավտովթար՝ 8 դեպք,
ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 6 դեպք (2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում),
դժբախտ պատահար՝ 4 դեպք,
սպանություն՝ 3 դեպք,
3 զինծառայողի մահացության դեպքի պատճառը հայտնի չէ։

ՀՔԱՎ-ը նշում է՝ համեմատելով 2024 և 2025 թվականներին զինծառայողների մահացության դեպքերը և դրանց պատճառները, արձանագրում ենք, որ դրանք նվազել են 15 %-ով։

Այս ցուցանիշն, ըստ իրավապաշատպանի, բավարար չէ։

«Ասեմ ավելին՝ ոչ բավարար ադյունք է։ Քանի դեռ մենք ունենք ոչ մարտական պայմաններում նույնիսկ մեկ մահացության դեպք, և առավել ևս այդ մահացության դեպքը միջանձնային, ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է, ինքնասպանություն է, սպանություն է, նշանակում է, որ խնդրի լուծումը ոչ բավարար մակարդակի վրա է բարեփոխումների գործընթացը»,-ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով, Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերը խոսում են բանակում առկա քրեական բարքերի, ոչ առողջ հարաբերությունների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քանի դեռ ԶՈւ-ում ունենք նույնիսկ մեկ մահվան դեպք, նշանակում է՝ բարեփոխումները ոչ բավարար մակարդակի վրա են. Իրավապաշտպան