Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Զախարովան հայտարարել է, որ տեղեկություններ կհրապարակի Բուչա այցելած օտարերկրյա պաշտոնյաների մասին, որոնց թվում է Նոր Նորքի նախկին ղեկավարը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյին ասել է, որ կհրապարակի արտասահմանյան պաշտոնյաների Բուչա այցելությունների մասին տեղեկատվություն։
«Ես անպայման կհրապարակեմ ոչ միայն երկրների, այլև կոնկրետ ներկայացուցիչների ցուցակը՝ Բուչա այցելությունների ամսաթվերով»,-նշել է Զախարովան։
Սա նրա մեկնաբանությունն էր ՄԱԿ-ի քարտուղարության կողմից Բրյանսկի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման դեպքին համապատասխան արձագանքի բացակայությանը։
Նախորդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Բրյանսկի վրա Կիևի փորձն էր իր եվրոպացի «տերերի» ուշադրությունը, որոնք իրենց ուշադրությունը տեղափոխել էին Մերձավոր Արևելք, վերաուղղորդելու ուկրաինական հակամարտությանը։
Մարտի 10-ին Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բրյանսկի վրա՝ օգտագործելով «Սթորմ Շադոու» հեռահար օդ-երկիր թևավոր հրթիռներ։ Հարվածներից մեկը հասցվել է «Կրեմնիյ Էլ» գործարանին, որը միկրոչիպեր է արտադրում բջջային սարքերի համար։ Հարվածել են նաև քաղաքացիական թիրախներ։ Ուկրաինան ընդունել է հարվածի պատասխանատվությունը։
Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում՝ նշելով, որ Ուկրաինայի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել են խաղաղ բնակիչներին։ Նա հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 37-ը վիրավորվել են։
Հիշեցնենք, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը 2024թ. հունիսի 2-ին Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը նաև հարգանքի տուրք էր մատուցել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ օրերին անմիջապես արձագանքեց այցին՝ ասելով.
«Հայաստանի պատվիրակությունը, հավանաբար, ունի զոհերի ցուցակ, որը Կիևի ռեժիմը վերագրել է իբր ռուսական բանակին, որ ռուսական կողմն է սպանել այդ մարդկանց։ Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը Բուչայում զոհվածների ցուցակը կփոխանցի ռուսական կողմին։ Մենք երկու տարի չենք կարողանում հասնել այն բանին, որ կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ը, տրամադրեն այդ տվյալները»։
Ուկրաինան և արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են 2022-ի մարտին Կիևի մարզի Բուչա քաղաքում բնակչության զանգվածային սպանություններ իրականացնելու համար։ Ռուսաստանի ղեկավարությունը հերքել է տեղի ունեցածին ռուս զինվորականների մասնակցությունը։