Հայոց gեղաuպանnւթյան թանգարանի տնօրենն ազատման դիմում է գրել, սակայն առայժմ որևէ իրավական ակտ չկա
Կրթություն, գիտություն
11:37 11/03/2026
Հայաստան

Հայոց gեղաuպանnւթյան թանգարանի տնօրենն ազատման դիմում է գրել, սակայն առայժմ որևէ իրավական ակտ չկա

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը ազատման դիմում է գրել, սակայն առայժմ որևէ իրավական ակտ չկա։

«Տնօրենն ազատման դիմում է  գրել, բայց որևէ իրավական ակտ չկա»,- Panorama.am-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից։

ԿԳՄՍ նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է որոշում  տնօրենի նշանակման ու ազատման հարց։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։

Նախարարությունից, ըստ լուրերի, պաշտոնական պատճառաբանությունը եղել է, իբրև թե Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։

Մեր տեղեկություններով, տնօրենը որոշել է չդիմադրել և դիմումը գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է` տնօրենից պահանջել են չշտապել և իրենք նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը, ինչու եք հերթական անգամ տնօրեն փոխում թանգարան- ինստիտուտում: Նամակը վարչապետի գրասենյակից վերահասցեագրել են ԿԳՄՍ նախարարին, իսկ աշխատակիցները մեկ մարդու պես ոտքի են կանգնել եւ ղեկավարին հորդորել չհանձնվել` դիմում չգրել:

Կոլեկտիվում կարծում են, որ Ժաննա Անդրեասյանը որոշել է ազատվել Էդիտա Գզոյանից, քանի որ նա իրենց մարդը չէ և ցանկանում են յուրային նշանակել այս պաշտոնին։ Թերևս ավելի էական է այն, որ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է Ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչը այս իշխանությունների սրտով չէ և օր առաջ ցանկանում են ազատվել նրանից և մի ապազգային անձ նշանակել։ Տնօրենի նկատմամբ սեւեռումները, ասում են, հասել են գագաթնակետին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցից եւ Ցեղասպանության հուշահամալիր այցից հետո։ Հայտնի է, որ փետրվարի 10-ին Վենսի եւ տիկնոջ՝ Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում ՀՀ իշխանություններից որեւէ պաշտոնյա նրանց չուղեկցեց, Ժաննա Անդրեասյանը ձեւական դիմավորեց համալիրի մուտքի մոտ ու անհետացավ՝ թերեւս չնեղացնելու համար իրենց թուրք բարեկամներին։ ԱՄՆ փոխնախագահին և նրա տիկնոջը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել տիկին Գզոյանը՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը»։ 

Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն էր 2024 թ. փետրվարի 12-ին։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder