7 միլիարդ թերակատարել եք, իսկ թե մեղավորները ովքե՞ր են եղել՝ ելույթով մանրամասն ջախջախիչ հարվածներ կտամ ձեզ. Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին
Հասարակություն
12:32 12/03/2026
Հայաստան

7 միլիարդ թերակատարել եք, իսկ թե մեղավորները ովքե՞ր են եղել՝ ելույթով մանրամասն ջախջախիչ հարվածներ կտամ ձեզ. Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին

«Պարոն Ավինյան, կասկածեք ձեր թիմի աշխատակիցների վրա, որովհետև այդ որ ասում եք՝ կատարողականը ծիծիլիոն տոկոս է, նույն մանկապարտեզները կամ Հաղթանակի 40-ամյակի այգին՝ 8 տարի է փող են դուրս գրում դրանց համար»,- Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ քաղաքային իշխանությունն իր զարգացման ծրագրում գրում է՝ 65 տոկոս դրական շարժ ասֆալտապատման մեջ։

«Սուտ, դուրս եկեք ու հարցրեք»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, քաղաքային բյուջում ավելացել է 11,8 միլիարդ, մնացորդը կազմել է 16 միլիարդ, «կենտրոնական իշխանությունը 7 միլիարդ քցել, չի տվել, այսինքն ծրագրեր են եղել, որոնք պետք է իրականացներ, չի տվել այդ փողը»։

«Հարց համար 1-ին. ո՞ր ծրագրերն են, որոնք 7 միլիարդ դրամի շրջանակում չի տվել ու որտե՞ղ է, որ ձեր մոտ այսքան աճ է տվել, այսինքն ասեք, որ ծրագրերն են,  որոնք սուբվենցիոն ծրագրերով պետք է իրականացվեին ու չի իրականացվել»,- հարցրեց Մանուկյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանին ներկայացնել, թե ինչ 7 միլիարդի մասին է։

«Պատվիրակված լիազորութան շրջանակներում որոշ ծրագրեր փաստացի չեն կատարվել, իսկ եթե փաստացի չեն կատարվում, նշված գումարը Երևան համայնքի բյուջե չի մուտքագրվում, գումարը տրամադրվում է համայնքին միայն փաստացի կատարված աշխատանքի դեպքում։ Խոշոր թիվը ՝ 4 միլիարդի կարգի, Իսակով-Արշակունյանց շինարարական աշխատանքների կատարումն էր, չենք հասցրել պայմանագիրը կնքել»,- ասաց Ք. Ավետիսյանը։

Ավինյանը նշեց, որ Արշակունյանց-Իսակով ճանապարհի կառուցումը նախատեսված էր սկսել դեռ նախորդ տարի, ձգձգումներ են եղել բանկի հետ գրագրություններում, գնահատումների պրոցեսում, բայց արդեն ավարտվել է ու ապրիլից կսկսվեն շինարարական աշխատանքները։

Մեսրոպ Մանուկյանն արձագանքեց. «Շնորհակալություն, որ արձանագրեցիք միայն մեկ կետով 7 միլիարդ թերակատարել եք, գործ չեք արել։ Մեղավորները ովքե՞ր են եղել՝ ելույթով մանրամասն ջախջախիչ հարվածներ կտամ ձեզ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder