Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչպես են ստուգելու 4-րդ դասարանցիների գիտելիքները. Գործընթացի մանրամասները
2025-2026 ուստարվա ավարտին 4-րդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կհամարվեն ատեստավորված՝ 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա:
Նախարարութունից հայտնում են, միաժամանակ, Հանրակրթության պետական նոր չափորոշչի համաձայն` մինչև ուսումնական պարապմունքների ավարտը՝ մայիս ամսին, դպրոցներում կիրականացվի արտաքին գնահատում` ԳԹԿ-ի մշակած «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների միասնական թեստի միջոցով:
Թեստի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու երեխայի՝ հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա:
Կարևոր է նշել, որ միասնական թեստի հետ կապված որևէ ուղեցույց, աշխատանքային տետր կամ այլ օժանդակ նյութ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի երաշխավորել: Հետևաբար, անհրաժեշտ է զերծ մնալ հանրությանը շփոթեցնող և ոչ հավաստի տեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև նախարարության կողմից չերաշխավորված օժանդակ նյութեր կիրառելուց:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշում է, որ արտաքին գնահատման գործընթացը կկազմակերպվի մայիս ամսին։
«Երեխաները կլրացնեն մեկ թեստ, որը կազմված կլինի 40 տոկոս մաթեմատիկայի, 40 տոկոս մայրենիի և 20 տոկոս «Ես և շրջակա աշխարհը» առարկայի առաջադրանքները։ Թեստի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու երեխայի վրա, սա ընդամեըը արտաքին ստուգում է, որի միջոցով կրթության լիազոր մարմինը պարզում է, թե ինչպիսի խնդիրներ, հաջողություններ ունենք, որ առարկաների մասով պետք է շեշտադրումներ անենք և այլն»,-ասում է նախարարի տեղակալը։