ԱԺ-ում առողջության ապահովագրության համակարգի խնդիրներին նվիրված քննարկմանը առողջապահության նախարարը, տեղակալները ներկա չեն. Գրիգորյան
Առողջություն
14:37 13/03/2026
Հայաստան

ԱԺ-ում առողջության ապահովագրության համակարգի խնդիրներին նվիրված քննարկմանը առողջապահության նախարարը, տեղակալները ներկա չեն. Գրիգորյան

Ազգային ժողովում տեղի է ունենում խորհրդարանական քննարկում՝ նվիրված առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին և դրա ներդրման շուրջ մասնագիտական մտահոգություններին։ Բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը հայտնում է, որ քննարկմանը չեն ներկայացել ՀՀ առողջապահության նախարարը, 4 տեղակալներից որևէ մեկը, ինչպես նաև առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահը...

«Այս բացակայությունը ոչ այլ ինչ է, քան որոլտի պատասխանատուների կողմից իրականացված քաղաքական որոշում, ուստի ես պնդում եմ, որ ապաքաղաքական բուժաշխատողների կողմից խնդիրների բարձրաձայնումը ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ է առողջապահության նախարարությունը...»,- գրել է Գ.Գրիգորյանը։

Քննարկումը կազմակերպվել  է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի նախաձեռնությամբ՝ #ԲժշկիՁայն նախաձեռնող խմբի դիմումի հիման վրա։

ԲժշկիՁայն նախաձեռնող խումբը հանդես է գալիս որպես բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների հարթակ, որի նպատակն է բարձրաձայնել համակարգային խնդիրները, ներկայացնել մասնագիտական դիրքորոշումները և ապահովել բժշկական համայնքի ակտիվ մասնակցությունը առողջապահական քաղաքականությունների ձևավորման գործընթացում։ Նախաձեռնող խումբը դիմել է Ազգային ժողովին՝ առաջարկելով կազմակերպել բաց և մասնագիտական քննարկում պարտադիր ապահովագրության համակարգի շուրջ։

Քննարկման ընթացքում քննարկվում են պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հնարավոր ռիսկերը, ոլորտի կարգավորման խնդիրները, ինչպես նաև կառավարման և ֆինանսավորման արդյունավետ մոդելների հարցերը։ Միջոցառմանը մասնակցում են բժիշկներ, առողջապահության ոլորտի փորձագետներ, մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder