Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է։ Հունվարի 13–ին ԱՄՆ–ի և Հայաստանի կառավարություններն ընդունեցին TRIPP-ի իրականացման շրջանակը և առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ–ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր և նախագծի գործնական մեկնարկը կտրվի»,- ասել է Փաշինյանը մարտի 11-ին Ստրասբուրգում ԵԽ նիստի ժամանակ։
Շատ քաղաքական վերլուծաբաններ հակառակ կարծիքին են. այս պահին ԱՄՆ-ի համար TRIPP-ը ոչ մի արժեք չունի, քանի որ իրան-իսրայելական պատերազմի ավարտից հետո այն կփոխարինվի ավելի արժեքավոր ծրագրով ու կկորցնի իր ակտուալությունը։
Panorama.am-ն այս հարցի շուրջ զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։
«Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն հակասում է, երեկ ասուլիսում ինքն ասում էր, որ առնվազն այս պահին TRIPP-ը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն չէ։ Այն բոլոր նախագծումները կամ ձեռնարկները, որ նախագծի շուրջ կային, գոնե այս տարվա կտրվածքով, իրականություն չեն դառնալու: Մյուս կողմից, իսկապես, Մերձավոր Արևելքում այնպիսի շրջադարձային իրադարձություններ են կատարվում, որ TRIPP-ը հաստատ թաղվել է մշուշների մեջ։ Իմ կարծիքով, ուղղակի կորցրել է իր ակտուալությունը»,-ասաց քաղաքագետը։
Սուրենյանցը նաև նշեց, որ պատերազմի ելքի երկու պարագայում էլ TRIPP-ն այլևս ոչ մի արժեք չի ունենա։
«Հիպոթետիկ, եթե հաղթեն Միացյալ Նահանգները ու Իսրայելը, գուցե այլևս այս ծրագրի անհրաժեշտությունը Միացյալ Նահանգները չունենան, գաղտնիք չէ, որ այդ նախագիծը նաև հակաիրանական էր, իսկ եթե ստրատեգիական հաջողության հասնի Իրանը, ապա այդ դեպքում հաստատապես թույլ չի տա, որ իր քթի տակ կառուցվի այն. TRIPP-ը կորցրել է իր արժեքը»,-ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ ղեկավարները՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագիրը:
Հռչակագրի կարևորագույն բաղադրիչներից էր Սյունիքի մարզով տրանսպորտային ուղու ստեղծումը, որը նպատակ ունի ապահովելու «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի և Նախիջևանի միջև։