Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրի հղում չլինի։ Այն ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է»,- ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա շարունակել է. «Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք՝ շարունակո՞ւմ ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ։ Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ։ Չի կարող այլ կերպ լինել։
Մենք շատ հստակ պետք է կայացնենք այդ որոշումը, մանավանդ, որ հիմա քաղաքական դաշտը ըստ էության դիրքավորվում է այս տրամաբանության մեջ՝ խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, և պատերազմի կուսակցություն, որը, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը։
Մեզ խաղաղությունն այնքան անծանոթ է, որ մենք խաղաղությունն ու պատերազմը չենք էլ տարբերել իրարից, նոր-նոր սկսել ենք տարբերել, և մենք պետք է այս ընտրությունը կատարենք։ Ժողովուրդն առաջիկա ընտրություններով պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղի շարժումը, թե՞ չի շարունակում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր Սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրի հղում չլինի, այն կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է, որովհետև մենք ասում ենք, որ ոչ թե պետություն ենք ստեղծում այդ հռչակագրով մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու ազատությունը ապահովելու համար, այլ պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի ու Արևմտյան Հայաստանի համար: Սա կոնֆլիկտի հռչակագիր է, եթե գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտն անխուսափելի է
Ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու՝ Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ չենք շարունակում, եթե շարունակում ենք, դա պատերազմ է, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է։
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է, Հայաստանը, անկախությունը, ինքնիշխանությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու, և ես առաջնորդում եմ այս շարժումը, ով համաձայն է, եկեք իմ հետևից»: