Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վլադիմիր Վարդանյան. Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իմ թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։
Շնորհակալություն եմ հայտնում նման բարձր վստահության համար։
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և΄ պատվաբեր, և΄ չափազանց պատասխանատու է, այդ իսկ պատճառով նման որոշման կայացումը իմ կյանքի ամենահեշտ որոշումներից չի եղել։ Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե΄ մասնագիտական և թե΄ ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման և զարգացման գործին։
Մասնագիտական աշխատանքս սկսել եմ Սահմանադրական դատարանի աշխատակազմում։ Ծառայության առավել քան 15 տարիների ընթացքում անցել եմ ճանապարհ՝ գլխավոր մասնագետից մինչ աշխատակազմի ղեկավար։
Տեղեկացնում եմ նաև, որ, առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս։
Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ երախտիքիս խոսքը ուղղել բոլորիդ՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած վստահության և աջակցության համար։
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվոլու պարագայում խոստանում եմ լինել անկախ, անաչառ, զերծ որևէ ազդեցությունից ու քաղաքական որևէ նախասիրությունից՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։