Իմ հարցազրույցն անցյալն է, Ձեր ծառահատումները՝ ներկան․ Քրիստինա Վարդանյան
Քաղաքական
20:35 13/03/2026
Հայաստան

Իմ հարցազրույցն անցյալն է, Ձեր ծառահատումները՝ ներկան․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Նախօրեին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հնչեցրածս հարցերին ի պատասխան, նախընտրեց փիարային նպատակով վկայակոչել նախկին մասնագիտական տեսակետս, քան պատասխանել բուն հարցին։

Պարոն քաղաքապե՛տ,

դադարեցրե՛ք մշտական բնույթ կրող անդրադարձը նախկին տեսակետիս, որը բացարձակ առնչություն չունի բարձրաձայնածս հարցի հետ և կենտրոնացեք կոնկրետ պատասխանին, քանզի կզբունքներիս համաձայն ես պատրաստ չեմ աչք փակել հանրային առողջությանը հասցվող հսկայական վնասին։

Հարցս հետևյալն էր.

Ի՞նչ տեղի ունեցավ 2023 թվականից ի վեր, որ հազարավոր ծառեր հանկարծ դարձան «անկենսունակ» և հատման ենթակա, այն պարագայում, որ 2021 թվականին ամբողջությամբ գույքագրվել էին և գնահատվել Կենտրոն ՎՇ-ի ծառերը, այն նույն գլխավոր դենդրոլոգի մասնակցությամբ, ով մինչ օրս պաշտոնավարում է։ Գույքագրման արդյունքում մենք գրեթե չենք ունեցել հրատապ հատման ենթակա ծառեր։ Կարծում եմ, տարօրինակ և խնդրհարույց է նշված մասնագետի կարծիքի կտրուկ փոփոխությունը երկու տարվա ընթացքում և որն է այդ ամենի հիմնավորումը, առավել ևս, որ գործիքային հետազոտության համար նախատեսված ռեզիստոգրաֆը՝ մեր հորդորներից հետո, գնվել է միայն

2026-ին։ Նաև ինչու՞ են բացակայում հատումների մասին բնակչությանը իրազեկող, ծառերին նախապես փակցված փաստաթղթերը, որն է այս ամենի պատճառը։

Խնդիրը իմ հին հարցազրույցը չէ, առավել ևս, որ ես միշտ բացառել եմ հատումները, 2020-ից սկսած զանգվածային բուժել եմ ծառերը և մինչև վերջ պայքարել ծառերի համար։

Խնդիրը Ձեր ներկայիս զանգվածային ծառահատումներն են, որոնք սպառնալիք են Երևանի բնակչության առողջության, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության համար։

Իմ հարցազրույցը անցյալն է, Ձեր ծառահատումները՝ ներկան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder