Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատկերացրեք, երբ ձեզ հետ խոսելիս բժիշկը անընդհատ նայում է համակարգչին կամ հեռախոսին. Է. Գրիգորյան
«Մենք ուրախ ենք, որ բուժառուները ստիպված չեն լինելու վճարել իրենց գրպանից, սակայն չենք կարող չարձանագրել, որ դրան զուգահեռ շեշտակի նվազել է բուժաշխատողների աշխատավարձը՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր կենտրոններում։ Ես աշխատում եմ մասնավոր կենտրոնում՝ Աջափնյակ բժշկական կենտրոնում, և կարող եմ փաստել, որ գործող համակարգը պահանջում է որոշ ճշգրտումներ»,– Ազգային ժողովում խորհրդարանական քննարկման ընթացքում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում առաջացած խնդիրների մասին ասաց բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Էլիզաբեթ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի բժիշկները սկզբունքորեն կողմ են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանը, քանի որ աշխարհում այն ուղղված է ինչպես բնակչության, այնպես էլ բուժաշխատողների խնդիրների լուծմանը։ Սակայն, ըստ նրա, Հայաստանում համակարգի իրականացումը մի շարք լուրջ խնդիրներ է առաջացրել։
Բժշկի խոսքով՝ ապահովագրական համակարգը չի կարող կայուն լինել, եթե չի ապահովում բժիշկների աշխատանքի կայունությունը, մինչդեռ փոխվել է բուժաշխատողների վարձատրության մեթոդաբանությունը, ինչը ակնհայտորեն ի վնաս բուժաշխատողների է։
Նա նաև անդրադարձավ բժիշկ–պացիենտ շփման ընթացքում առաջացող խնդիրներին՝ նշելով, որ բժիշկները հաճախ ստիպված են միաժամանակ շփվել հիվանդի հետ և համակարգում տվյալներ մուտքագրել, ինչը խանգարում է լիարժեք հաղորդակցմանը։
«Պատկերացրեք, երբ ձեզ հետ խոսելիս բժիշկը անընդհատ նայում է համակարգչին կամ հեռախոսին։ Համոզված եմ՝ դա հաճելի չէ։ Ներդրվող համակարգի պայմաններում կարող է տուժել բուժօգնության որակը, քանի որ բուժաշխատողի վարձատրությունը, պացիենտի համար նախատեսված ժամանակը և վարչական գործառույթները միաժամանակ իրականացնելը գործնականում անհամատեղելի է»,– ընդգծեց նա։
Գրիգորյանի խոսքով՝ ներկայում բժիշկներին մեկ պացիենտի համար տրվում է սահմանափակ ժամանակ՝ մոտ 20 րոպե, որի ընթացքում պետք է հասցնել հիվանդի զննումը, փաստաթղթերի լրացումը և բուժման նշանակումը։
«Փաստացի մենք ավելի շատ ժամանակ տրամադրում ենք համակարգչի հետ աշխատանքին, քան հիվանդին։ Արդյունքում ընկնում է բուժօգնության որակը, քանի որ ժամանակը պարզապես բավարար չէ»,– նշեց նա։
Բժիշկը նաև փաստեց, որ նվազել են բուժքույրերի աշխատավարձերը, ինչպես նաև նեղ մասնագետների վարձատրությունը՝ ապահովագրական համակարգում կիրառվող տոկոսային բաշխման պատճառով։ Նրա խոսքով՝ ներկայում բժիշկների աշխատավարձը հիմնականում կախված է բուժված քաղաքացիների քանակից, ինչը բժիշկներին ստիպում է հիվանդներին ընդունել ավելի արագ։
«Երբ բժիշկը ստիպված է լինում հիվանդներին ընդունել շատ արագ, մեծանում է ախտորոշման սխալվելու հավանականությունը։ Բուժօգնության որակը ուղղակիորեն կախված է այն ժամանակից, որը բժիշկը կարող է տրամադրել հիվանդին»,– ընդգծեց Գրիգորյանը։
Նա նաև ուշադրություն հրավիրեց բժիշկների արտագաղթի խնդրի վրա՝ նշելով, որ եթե բժշկի վարձատրությունը չի ապահովում արժանապատիվ կենսամակարդակ, մասնագետները սկսում են հեռանալ համակարգից կամ տեղափոխվել այլ երկրներ։
«Ես վեց տարի դասավանդել եմ ԵՊԲՀ-ում, և մեր լավագույն ուսանողները սովորում էին գերմաներեն, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը արտասահմանում»,– ասաց բժիշկը։
Եզրափակելով՝ Էլիզաբեթ Գրիգորյանը կոչ արեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին բժիշկների հետ քննարկել ոլորտում առկա խնդիրները և մշակել այնպիսի համակարգ, որը հաշվի կառնի նաև բուժաշխատողների շահերը։