Տնտեսագետ. Մեծ ֆինանսական ռումբ է դրված մեր բանկային համակարգում
Քաղաքական
14:49 14/03/2026
Հայաստան

Տնտեսագետ. Մեծ ֆինանսական ռումբ է դրված մեր բանկային համակարգում

«Արդեն իսկ մեծ  ֆինանսական ռումբ է դրված մեր բանկային համակարգում, քանի որ մեծ քանակությամբ փող է եկել բանկային համակարգ, և բանկային համակարգը ինչ-որ մի տեղ պետք է այն իրացներ, և իրացրել է, ավելի շատ վարկ է տրամադրել»,-«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությամբ կազմակերպված «Առաջարկ Հայաստանին․ Նոր տնտեսական քաղաքականություն» պանելային քննարկմանն  ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Նրա հրապարակած թվերի համաձայն, 2008-ին վարկերի պորտֆելում հիպոթեքային վարկերը կազմում էին 8 տոկոս, հիմա՝ 24 տոկոս, այսինքն 3 անգամ աճել են։ Ծավալներով առաջին տեղում սպառողական վարկերն են, դրանք շարունակում են աճել։ Նրա ունեցած տվյալներով, այս վարկը վերցրածների մոտ 13 տոկոսն անվճարունակ են։

«300 հազար մարդ կամ աշխատունակ բնակչության 6-ից մեկը բանկային համակարգի սև ցուցակում է։ Սա ահռելի թիվ է, ու լուրջ խնդիր»,-ասաց Թավադյանը։

Տնտեսագետը խնդրահարույց  է որակում անշարժ գույքի շուկան. ՀՆԱ-ի 38 տոկոսն ապահովել են ֆինանսական համակագի, անշարժ գույքի և շինարարության ոլորտները։

«Ինչպես ասացի, փողը եկել է բանկային համակարգ, հիմնականում ներդրվել է անշարժ գույքի շուկայում։ Այստեղ պահանջարկը եղել է ռուսների գալով, ինչպես նաև արցախցիների բռնի տեղահանմամբ, բայց մենք հիմա տեսնում ենք հակառակ պատկերը, մարդիկ դուրս են գալիս Հայաստանից, արտագաղթում են։ Արդեն իսկ այս շուկայում իրացվելիության խնդիր կա»,-ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի Կենտրոն ու արաբկիր վարչական շրջաններում, ըստ տվյալների, գները չեն աճել, հակառակը՝ նվազել են։

Առկա մտահոգությունները խտանում են Իրանի վրա հարձակման հետևանքով Դուբայում առաջացած իրավիճակը, այնտեղից գումարների արտահոսքը, գների անկումը, ընկերությունների սնանկացման վտանգը, որը կարող է հանգեցնել տնտեսական միջազգային ճգնաժամի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տնտեսագետ. Մեծ ֆինանսական ռումբ է դրված մեր բանկային համակարգում