Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որպես մասնագետ շարունակելու եմ Արցախի պատմության և ժառագության հետազոտությունը, դա որևէ առնչություն չունի ոչ խաղաղության, ոչ կռվի հետ. Համլետ Պետրոսյան
«Կարծում եմ՝ այն ամենը, ինչ մենք ենք անում, որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ, խիստ անհավանական եմ համարում, որ որևէ բան կարվի այդ ուղղությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց monumentwatch.org կայքի գիտական ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք հավանական համարում է, որ մեկ օր կարող է արգելվի Արցախի պատմության և ժառագության հետազոտությունը, հանրահռչակմանն ու պահպանությանն ուղղված աշխատանքները։
Նա ընդգծեց. «Որպես մասնագետ՝ ես ինչ-որ անում եմ, պետք է շարունակեմ և դա որևէ առնչություն չունի ոչ խաղաղության, ոչ կռվի կամ որևէ այլ բաների հետ»։
Ըստ Հ. Պետրոսյանի, monumentwatch.org կայքն անկախ հարթակ է, որևէ մեկին չի ենթարկվում, չի պատկանում։
«Ի վերջո՝ հո չե՞ն արգելելու մեզ գիրք գրքել»,- ընդգծեց Հ. Պետրոսյանը։
Նա ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատմանն ու գրել. «Իհարկե, ազդված եմ հարգարժան Էդիտա Գզոյանի և Արցախի շուրջ վարչապետի անպատիվ որոշումից ու մտավարժանքներից: Շնորհակալ եմ հարյուրավոր արձագանքների համար: ՈՒ հազիվ թե ես կարողանամ ավելի էական մի բան ավելացնել:
Հարգանքս բոլոր նրանց, ովքեր ունեն սկզբունքներ ու տեսլական, և փորձում են մեզ վրա բարդած ծանրագույն պարտությունը գոնե արժանապատիվ տանել:
Պարտվել` չի նշանակում կորցնել արժանապատվությունը:
Ես և իմ գործընկերները շարունակելու ենք Արցախի պատմության և ժառագության հետազոտությունը, հանրահռչակմանն ու պահպանությանն ուղղված աշխատանքները՝ ներառելով նաև միջազգային ակադեմիական ու մշակութապահպան ջանքերն ու կառույցները»:
Հիշեցնենք՝ օրeր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ցուցումով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գիրք է նվիրել. «Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն, խնդրել եմ դիմում գրի»։
Նշենք, որ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (monumentwatch.org) ծրագիրն անկախ ակադեմիական հարթակ է, որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, այն ներկայացնում և մեկնաբանում է մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեվարքության սահմաններում։





