Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախցիների շուրջ 98%-ի համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ անլուծելի, իսկ 80%-ը չունի աշխատանք. Մետաքսե Հակոբյան
Արցախցիների շուրջ 98%-ի համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ անլուծելի, իսկ 80%-ը չունի աշխատանք։ Այս մասին գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա հայտնում է, որ մարտի 14-ին կայացել է այս տարվա արդեն 4-րդ հանդիպումը արցախցիների հետ։
«Այս մի քանի հանդիպումներն արդեն իսկ բավական են դաժան իրականությունն արձանագրելու համար.
արցախցիների շուրջ 98%-ի համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ անլուծելի, իսկ 80%-ը չունի աշխատանք։
Մենք փորձում ենք բոլոր հնարավոր և երբեմն նույնիսկ անհնար ճանապարհներով լուծումներ գտնել մարդկանց խնդիրների համար, սակայն ակնհայտ է՝ առանց պետական միջամտության և ճիշտ սոցիալական քաղաքականության շատ հարցեր պարզապես լուծելի չեն։
Միևնույն ժամանակ այս հանդիպումները բացահայտում են նաև մեկ այլ կարևոր ճշմարտություն․ նույնիսկ այս դաժան պայմաններում արցախցիների մեծամասնության կյանքը շարունակում է կապված մնալ Արցախի հետ։
Հանդիպումների արդյունքներով՝
.55%-ը իր կյանքը պատկերացնում է միայն Արցախում,
.44%-ը միանշանակ ուզում է վերադառնալ, բայց այսօր չի պատկերացնում՝ ինչպես,
.և ընդամենը 1%-ն է որոշել հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։
Հ.Գ. Այս հանդիպումը ամենածանրն էր։
Դժվար է խոսել մի երիտասարդի հետ, ով պատերազմներում կորցրել է հորը և եղբորը, իսկ 2023-ի պատերազմում ինքն է դարձել հաշմանդամ։ Հանդիպել չորս անչափահաս երեխաների հորը, ով պատերազմի հետևանքով գամված է հաշմանդամի սայլակին։
Այս մարդիկ «վիճակագրություն» չեն։
Սրանք ճակատագրեր են։ Սրանք ընտանիքներ են։ Սրանք կոտրված, բայց դեռ կանգնած մարդիկ են։
Եվ ամենակարևորը գիտե՞ք որն է։
Նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ տուն գնալ։
Տուն, որը խլեցին։
Տուն, որի համար վճարեցին ամենաթանկ գնով։
Տուն, որի ցավը իրենց հետ կրում են ամեն օր։
Եվ ի վերջո. Արցախը չեն կորցրել նրանք, ովքեր ուզում են վերադառնալ։
Արցախը նրանք են կորցրել, ովքեր արդեն համակերպվել են դրա կորստի հետ»,- գրել է Մ.Հակոբյանը։