Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խոշոր վթար Բաղրամյան 26-ում. Բախվել են 2 «Tesla»-ն, «Zeekr»-ն ու «Toyota»-ն
Երեկ՝ մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22:25-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ բախվել են 21-ամյա Արսեն Բարսեղյանի վարած «Tesla» մակնիշի, 29-ամյա Ալեքսան Ջուլհակյանի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Էջմին Քեշիշիի վարած «Tesla» մակնիշի և 20-ամյա Ռուբեն Միրզոյանի վարած «Zeekr» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ռ. Միրզոյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ 19-ամյա Էմիլ Կիրակոսյանն ու 22-ամյա Արամ Եդիգարյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ աղբյուրի, մինչ ավտոմեքենաների բախումը դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել մի քանի ծառերի, որոնցից մեկը կոտրել է, և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Հարվածի հետևանքով «Zeekr»-ի առջևի անվահեծաններից մեկը կոտրվել է։