Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
23:24 16/03/2026
Հայաստան

Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը. Ռոբերտ Քոչարյան

«Փաստորեն դա ինձ համար պաշտոնի բարձրացում չէ, այլ իջեցում, բայց հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի կողմից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ նկատելով, որ պատգամավոր Աննա Գրիգորյանն իր անունը հնչեցնելիս ասաց. «Դաշինքի վարչապետի թեկնածուն նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»։

Նա հայտնեց, որ տրամադրված են վճռական և նպատակը հաղթանակն է։

«Մենք ապրում ենք տարօրինակ ժամանակներում, երբ մեզ համոզում են, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, որը խանգարում է մեզ, այլ ոչ թե առաջ շարժվելու հենարան է, որ հայրենասիրությունը հնացած հասկացություն է, որը վնասակար է հայի ստամոքսի համար, որ ինքնությունը մեր էությունը չէ, այլ սեզոնային նորաձևություն, որը կարող է փոխվել տարին մի քանի անգամ...

Մենք «Ո՛չ» ենք ասում այս վտանգավոր թյուրըմբռնումներին։ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը և մեր հայրենասիրությունը ժամանակակից և հզոր երկիր կառուցելու շարժիչ ուժն են։

Այսօր աշխարհը քաոսի է վերածել, աշխարհակարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Ամենայն հավանականությամբ, նոր աշխարհակարգը որոշ ժամանակով կհանգեցնի ջունգլիների օրենքի։ Այս պայմաններում անվտանգության ապահովումը մնում է Հայաստանի հիմնական առաջնահերթություններից մեկը։

Հայաստանին անհրաժեշտ են ուժեղ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից՝ բոլոր սպառնալիքները համատեղ չեզոքացնելու համար։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի և մերժի մեծ տերությունների միջև տարաձայնությունները շահագործելու գաղափարը։

Հենց այս մոտեցումն էր, որ իմ նախագահության ընթացքում ապահովեց Հայաստանի ամենահանգիստ տարիները։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգություն մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ...

Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «հորս արև» մոդելի, այլ իրական երաշխիքների վրա։ Սա հատկապես կարևոր է, երբ աշխարհում ուժի գերակայությունը փոխարինել է օրենքի գերակայությանը։

Մեր նպատակն է դառնալ Հարավային Կովկասի ամենաարդյունավետ և կազմակերպված պետությունը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք գրավիչ լինել գերտերությունների դաշնակիցների և գործընկերների համար։ Միայն այդ դեպքում մեր իրավունքները պատշաճ կերպով կհարգվեն։ Ազգային շահերը մի լուսանկարի համար վաճառելը նվաստացուցիչ և հանցավոր է»,-հայտարարեց Քոչարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը. Ռոբերտ Քոչարյան