Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով և ամեն տարի նախորդ տարվա սղաճի չափով ինդեքսավորվելու է. «Հայաստան» դաշինքի ծրագիրը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկայացրել է «Հայաստան» դաշինքի տնտեսական քաղաքականության ծրագրային ուղղությունները։
«1. Նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի մրցունակության բարձրացմանը և Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելուն։ «Արտադրված է Հայաստանում» մակնշումը դառնալու է որակի և տեխնոլոգիական առաջընթացի հոմանիշ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի առնվազն 25%-ը։
2. Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության մաս է կազմելու, հայկական ձեռնարկություններն ինտեգրվելու են համաշխարհային արժեշղթաներին՝ արտադրելով մրցունակ ապրանքներ կամ մատակարարելով բարձրորակ ծառայություններ։
3. Ներդրվելու են բարձր տեխնոլոգիական ստարտափերի և գիտահետազոտական նախագծերի պետական աջակցության թիրախային մեխանիզմներ՝ առաջնահերթ դիտարկելով ռազմարդյունաբերությունը։
4. Գործուն քայլեր են ձեռնարկվելու խրախուսելու բանկերին և կենսաթոշակային ֆոնդերին ֆինանսավորելու տնտեսության իրական հատվածը։ Ստեղծվելու է բազմամակարդակ ներդրումային ֆոնդ՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար։
5. Հայրենական արտադրողը գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում։ Պետական գնումների գործընթացում առաջնահերթությունը տրվելու է հայկական ապրանքներին։ Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրելու ընդլայնելու հայկական ապրանքների արտահանման աշխարհագրությունը։ Գերակա ոլորտներում իրականացվելու է ներմուծման փոխարինման քաղաքականություն։
6. Ռազմավարական նշանակության և մեծ սոցիալական ազդեցություն ունեցող շուկաները, մասնավորապես՝ գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը պաշտպանված են լինելու դրսից եկող անազնիվ մրցակցությունից։
7. Փոքր և միջին բիզնեսի համար ներդրվելու է ավտոմատացված հարկային հաշվետվությունների համակարգ: Հարկային հետ-վերադարձի և այլ ուղղակի աջակցության գործիքակազմով խրախուսվելու է փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նորաստեղծ ՓՄՁ-ներին տրամադրվելու է երկամյա «հարկային արձակուրդ»։ Տնտեսության իրական հատվածի առնվազն 25%-ն արտադրելու են փոքր ու միջին ձեռնարկությունները
8. Կառավարությունն իրականացնելու է տարածքների համաչափ զարգացման ծրագիր։ Երկրի տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ամբողջ պոտենցիալը չի կարող կենտրոնացված լինել մայրաքաղաքում։
9. Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության կենտրոնում դրված է լինելու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մեծացումը, պարենային անվտանգության բարձրացումը և գյուղական կենսակերպի որակական բարելավումը։ Գյուղատնտեսությունը կազմելու է երկրի համախառն ներքին արդյունքի առնվազն 15%-ը։
10. Վերանայվելու է եկամտային հարկի գործող մեխանիզմը։ Անցում է կատարվելու հարկման պրոգրեսիվ համակարգին, գործելու է «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը։ Իրականացվելու գործազրկության կրճատման քաղաքականություն՝ տարեկան 30,000-45,000 կայուն աշխատատեղերի ստեղծմամբ։
11. Հայաստանում աշխատող աղքատներ չեն լինելու։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձն այն հավասարեցնելով կենսապահովման զամբյուղի արժեքին։
12. Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով և ամեն տարի նախորդ տարվա սղաճի չափով ինդեքսավորվելու է՝ պահպանելու կենսաթոշակների գնողունակությունը։ Փաստացի գյուղատնտեսության բնագավառում աշխատող մեր քաղաքացիների աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ»։