Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ-ում համայնքային մակարդակով պարալիզացված վիճակ է, սա ազդում է մեր՝ այնտեղ աշխատելու հնարավորությունների վրա. Զարեհ Սինանյան
«Վերջին 2-3 ամսվա աշխատանքը Ռուսաստանի հետ ցույց է տալիս, որ այնտեղ համայնքային մակարդակով պարալիզացված վիճակ է»,- ԱԺ-ում հանձնաժողովի նիստում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին կապված Արտաքին հետախուզական ծառայության հայտարարության հետ, ըստ որի այլ երկրում փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացիների վրա՝ մղելով ՀՀ-ում սպասվող ԱԺ ընտրություններին մասնակցող որոշ ուժերին աջակցելու համար։
Ըստ Սինանյանի, պարալիզացված վիճակի պատճառն այն է, որ կոնկրետ մի խմբավորման, մի անձնավորության հետ կապված համայնքային հեղինակավոր անձինք ակտիվ, ագրեսիվ աշխատանքներ են տանում՝ բոլորի հետ կապնվելով, բոլորի վրա ճնշում բանեցնելով՝ կոնկրետ բաներ են ուզում, կոնկրետ առաջարկներ անում։
«Սա ազդում է մեր՝ այնտեղ աշխատելու հնարավորությունների վրա, որովհետև մարդիկ վախեցած են, սպասողական վիճակում են»,- ասաց հանձնակատարը։
Նա նշեց, որ Ռուսաստանը յուրահատուկ երկիր է, եթե մեկն այնտեղ այդպիսի աշխատանք է տանում, նշանակում է՝ իրեն թույլատրվել է աշխատանքը։
«Չեմ ուզում ավելի շատ բան ասել։ Մեր կարողություններն այդ վիճակի վրա ռեակտիվ ձևով ներազդելու, սահմանափակ է։ Այս պահին մարդիկ շատ զուսպ են, զգուշավոր»,- ասաց նա։
Հարցին՝ ճի՞շտ է, որ մայիսին կամ հունիսին մեծ հայրենադարձության ծրագիր է մշակվում, Զ.Սինանյանն ասաց. «Իհարկե, եթե հայրենադարձություն է լինելու, միայն կարող ենք դա ողջունել, բայց, ցավում եմ, որ խոսքը կարճաժամկետ այցի, կոնկրետ գործողության մասին է»։