Քարակերտում նորածին գառնուկները մասայաբար անկում են
Տնտեսություն
13:38 17/03/2026
Հայաստան

Քարակերտում նորածին գառնուկները մասայաբար անկում են

Սոցիալական ցանցերի օգտատերերը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին խորհուրդ էին տվել մեկ մաքուց միանգամից 4 գառների ծնվելու փաստը հպարտությամբ տարածելու փոխարեն պարզի, թե Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրում ինչու են սատկում մեծ թվով նորածին գառները։

Panorama.am-ը խնդիրը պարզելու համար, դիմեց Քարակերտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանին և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։

«Խնդիրը մեկ տնտեսվարողի մոտ է, գյուղում տարածված չէ, այլ դպքեր չկան։  Նախարարությունից նմուշներ են տարել լաբորատորի և պարզել, որ թեյլերյոզ տիպի հիվանդություներից են անկել մինչև 15 օրական գառները։ Հիմա պատվաստում է կատարվում»,- հայտնեց Քարակերտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանը՝ նշելով, որ մինչև 15 օրական, ցածր իմունիտետ ունեցող գառներն են սատկում, դրանից հետո կենդանի մնացածների իմունիտետը  բարձրանում է և վիճակը կայունանում է։

Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք պատվաստումը  օգնում է փրկել ընտանի կենդանիներին՝ Խոսրովյանն ասաց. «Նախարարությունում ու մարզպետարանում տեղյակ են, եկել են, ուսումնասիրություն արել, լաբորատոր փորձաքննություն անցկացրել, ըստ այդմ, պատվաստում են կատարում, բայց հավանականությունը քիչ է, որ նորածին գառների անկումը կարող են կանխել, իսկ մեծերի դեպքում կարողանում են հիվանդությունը կանխարգելել։ Նորածինների մասով ռիսկը դեռ պահպանվում է,և նախորդ օրվա դրությամբ ունեինք մոտ 115 անկման դեպք»։

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ կառույցը միանգամից արձագանքել է ահազանգին, կազմակերպել լաբորատոր փորձաքննություն՝ բացահայտելով անկումների պատճառը։ Նրա խոսքով թեյլերյոզ հիվանդությունը կարանտինային հիվանդություն չէ, այլ՝ տիզային, հետևաբար, դրա բուժման ծախսերը պետք է հոգա տնտեսվարողը, իսկ համայնքը պետք է աջակցի նրան անկած գառներին հողի տակ վնասազերծելու նպատակով տեղ հատկացնելու և հոր փորելու հարցում։

Անուշ Հարությունյանը նաև հայտնեց, որ այլ բնակավայրերից գառների անկման ահազանգեր չեն ստացել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քարակերտում նորածին գառնուկները մասայաբար անկում են