Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը. Ժաննա Անդրեասյանը՝ Ցեղաuպանnւթյան թանգարանի տնօրենի ազատման մասին
Կրթություն, գիտություն
11:50 17/03/2026
Հայաստան

Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը. Ժաննա Անդրեասյանը՝ Ցեղաuպանnւթյան թանգարանի տնօրենի ազատման մասին

«Ես հանդիպել եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների հետ իրենց ցանկությամբ։ Ես պարզ ու հստակ իրենց ասել եմ, որ իրենք պետք է վերադառնան  իրենց բնականոն աշխատանքին,  իրականացնեն այն հետազոտական, գիտական, թանգարանային գործունեությունը, որն իրականացնում են»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հարցին՝ արդյո՞ք այդ հանդիպման ժամանակ աշխատակիցները հարց են բարձրացրել՝ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը պետք է փակվի՞, նախարարն ասաց. «Նրանք բարձրացրել են տարբեր հարցեր իրենց գործունեության հետ կապված, ասել եմ՝ վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իրենց գիտական, հետազոտական գործունեության հետ կապված որևէ բան չի փոխվում»։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ աշխատանքից ազատված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի՝ պաշտոնին վերականգնելու հարց չկա։

«Տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, նրա գործունեությունը, գտնում եմ՝ իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի  թանգարան-ինստիտուտում։ Այդ իմաստով, կարծում եմ, մեր համագործակցությունը սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, ենթադրում է  կոնկրետ պատասխանատվություններ, կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն»,- նշեց նա։

Կոնկրետ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Է.Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գիրք է նվիրել, ինչը դիտարկում է սադրիչ քայլ, իր ցուցումով ազատման դիմում է  գրել, Անդրեասյանը պատասխանեց. «Գզոյանը հանդիսանում էր տնօրեն, հետևաբար կառավարման խնդիր է։ Եթե մի բառը կապեք մյուսին, կհասկանաք նաև իմ նկարագրած խնդրի էությանը։ Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից  կառավարման հարցերի մասին։  

Ինձ համար հարցը սպառված է։ Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ և այդ իրավիճակն ունեցել է  իր հանգուցալուծումը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder