Մկրտիչ Սրբազանի պաշտպանը միջնորդեց վերացնել խափանման միջոցները
Իրավունք
16:07 17/03/2026
Հայաստան

Մկրտիչ Սրբազանի պաշտպանը միջնորդեց վերացնել խափանման միջոցները

Արագածոտնի թեմի առաջանորդ Մկրտիչ Սրբազանի գործով այսօրվա դատական նիստում նրա պաշտպան Ռոման Ահարոնյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալ նկատմամբ դատարանի սահմանած խափանման միջոցները՝ վկայակոչելով Վերաքննիչ դատարանի որոշումը։

Պաշտպանները բողոք էին ներկայացրել հունվարի 26-ին կայացրած  Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի որոշման դեմ, երբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Չնայած փետրվարի 12-ին փոխվել էր խափանման միջոցը, սակայն մարտի 4-ին ստացել են Վերաքննիչի որոշումը։

«Դրանով արձանագրվել է այն, ինչ, մենք ըստ էության, ասել էինք առաջին նիստին։ Վերաքննօչ դատարանն արձանագրել է, որ խափանման միջոցի հիմքերն իսպառ բացակայում են; Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, սահմամված նպատակներին հնարավոր չէ հասնել խափանման միջոցների սահմանմամբ»,-ասաց պաշտպան Ահարոնյանը։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Սրբազանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգման համար հիմք հանդիսացած՝ վարույթին խոչընդոտելու հավանականությունը բացակայում է, քանի որ սույն վարույթով արդեն իսկ կատարվել են անհրաժեշտ ապացուցողական  և վարույթային գործողությունները, քրեական գործն ուղարկվել է դատարան, ապայուցներն առավելապես տեսանյութեր են ու գրավոր ապացույցներ, դրանց վրա ազդելու հավանականություն առկա չէ։

Ինչ վերաբերում է չհարցաքննված տուժողների նկատմամբ ազդեցություն ունենալուն, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարել նշել, որ տուժողներ Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի նկատմամբ կիրառված են հատուկ պաշտպանության միջոցներ, այդ պայմաններում վերջինների վրա ազդեցություն գործելը Վերաքննիչ դատարանն իրատեսական չի համարում։

Հիմք ընդունելով դատարանի կողմից ընդունված որոշումը՝ պաշտպանը միջնորդեց վերացնել Մկրտիչ Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները։

«Դա պահանջում է և մեր օրենսդրությունը, և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան»,-ասաց Ռ. Ահարոնյանը։

Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը։ Դատավորը, լսելով դատավարության մասնակիցներին, հայտարարեց ընդմիջում ներկայացված փաստական հանգամանքներին ծանոթանալու համար։

Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Արագածոտնի թեմի առաջնորդը 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերտ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ Տեր Արամ քահանային և Տեր Թադե քահանային ինչպես նաև այլ հոգևորականների, հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին։

Բացի այդ նույն թեմի դիվանապետ Արմեն Արսենյանի օժանդակությամբ ինտերնետային հավելվածում խմբային նամակագրության միջոցով, շանտաժով ստիպել է հոգևորականներին մասնակցել 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին։

Արմեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Նա հանդիսանալով Արագածոտնի թեմի դիվանապետը 2023 թվականի ընթացքում օժանդակել է թեմի առաջնորդ Հայկ Պռոշյանին մասնավորապես՝ ինտերնետային հավելվածում խմբային նամակագրության միջոցով, շանտաժով ստիպել է հոգևորականներին մասնակցել 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին և մասնակցելու փաստը հաստատող լուսանկարները ուղարկել ինտերնետային հավելվածին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder