Արուսյակ Ալեքսանյանը համակարգում արդեն մի քանի տարի չի վարկանիշավորվում. HelpCourt-ն արձագանքում է ՔՊ-ականին
Քաղաքական
14:31 17/03/2026
Հայաստան

Արուսյակ Ալեքսանյանը համակարգում արդեն մի քանի տարի չի վարկանիշավորվում. HelpCourt-ն արձագանքում է ՔՊ-ականին

HelpCourt համակարգը ֆեյսբուքյան էջի միջոցով արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառմանը.

«Քաղաքական գործիչներից մեկը HelpCourt համակարգը բնորոշել է որպես «ինքնաշեն հարթակ»՝ նշելով. «... դատարանի վճռով մեղավոր ճանաչված Արուսյակ Ալեքսանյան-ը այդ «վարկանիշով» Հանրապետության 17-րդ լավագույն դատավորն է»։

Նախ՝ արձանագրենք փաստ.

2025թ. վարկանիշավորման արդյունքներով Հայաստանի 17-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը պարոն Հարություն Մանուկյանն է, իսկ տիկին Արուսյակ Ալեքսանյանը HelpCourt համակարգում արդեն մի քանի տարի չի վարկանիշավորվում։

Հիշեցնենք նաև, որ քաղաքական գործունեություն չծավալող HelpCourt համակարգում դատավորների վարկանիշները ձևավորվում են բացառապես փաստաբանների կողմից՝ թափանցիկ գնահատման միջոցով։

Այսինքն՝ գնահատում են գերանկախ այն մարդիկ, ովքեր դատավորի գործունեության նկատմամբ ունեն մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտանկյուն — և առնվազն տարբերում են «վճիռը» «վերդիկտից»։

Իսկ դատավորներն իրենց վարկանիշը ձևավորում են ոչ թե քարոզարշավների, խոստումների, այլոց պիտակավորելու, ինքնագովեստով զբաղվելու, այլ` բացառապես կատարված սկզբունքային աշխատանքի միջոցով։

Ի դեպ, HelpCourt-ը փաստաբանների կարծիքը հանրությանը ներկայացնում է շատ ավելի երկար ժամանակ, քան տվյալ գործիչը զբաղվում է քաղաքականությամբ կամ առնչություն ունի իշխանության հետ։

HelpCourt-ն ինքնուրույն է, ինքնավար է, ինքնաֆինանսավորվող է, ինքնակարգավորվող է, բայց՝ ոչ «ինքնաշեն»։

Հ.Գ. Ամեն դեպքում շնորհակալություն ենք հայտնում պարոնին․ նրա քննադատությունը մեզ համար դարձել է մի նոր շատ հետաքրքիր գաղափարի հիմք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder