Նիկոլ Փաշինյանի հրահանգով փակված խանութը մի քանի օրից բացվել է. ՊԵԿ Նախագահ
Տնտեսություն
17:39 18/03/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի հրահանգով փակված խանութը մի քանի օրից բացվել է. ՊԵԿ Նախագահ

«Կառավարությունում այն, ինչը վարչապետը հնչեցրել է, գիտեինք, որ կա համապատասխան գործեր և այդ ընթացքում երբ խոսակցությունը տեղի էր ունեցել, նույնիսկ կար համապատասխան քրեական գործ»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ եղավ, երբ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնացել հեռախոս էին գնել, ասել էին, որ կանխիկով այլ գին է, անկանխիկով այլ գին, որից հետո ՊԵԿ-ը գնացել և վարչապետի հրահանգով այդ խանութը փակել էր։

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ օրենսդրությամբ անկանխիկ և կանխիկ գները չպետք է իրարից տարբերվեն։

«Մի քանի օր է տևել, մինչև մենք գույքագրել ենք, թե այդ խնդիրն ինչ մասշտաբի են, և դրանից հետո թողել ենք որ բնականոն գործունեություն ծավալի տնտեսվարողը։ Նշեմ, որ տվյալ հարկ վճարողն իր վարքագիծը կտրուկ փոխել է դրանից հետո»,-ասաց Հակոբյանը և հավելեց. «Այո, անկանխիկի մասին օրենսդրությունը մեզ ասում է, որ անկանխիկ և կանխիկ գները չպետք է իրարից տարբերվեն և հանկարծ չպետք է որևէ տնտեսվարող շփոթության մեջ գցի և դա օգտագործի, օրինակ, որոշակի ստվերային վաճառքներ գեներացնի իր կետերում»։

Նա հայտնեց, որ խանութով միայն ՊԵԿ-ը չի զբաղվել, այն քննչական կոմիտեի տիրույթում գործողություններ են, իրենք ուղղակի համագործակցում են, քանի որ ՊԵԿ-ն է բացահայտում, ներկայացնում և իրար հետ աշխատում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder