Մարթա Կոսը մի ամբողջ օր կանցկացնի Գյումրիում
Քաղաքական
11:53 19/03/2026
Հայաստան

Մարթա Կոսը մի ամբողջ օր կանցկացնի Գյումրիում

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հինգշաբթի և ուրբաթ օրերին կգտնվի Հայաստանում՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունն ամրապնդելու և տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար։

Եվրոպական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկացավ, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Քննարկումների առանցքում կլինեն ԵՄ-Հայաստան գալիք գագաթնաժողովի նախապատրաստման, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցերը։ Մտքեր կփոխանակվեն նաև տարածաշրջանային իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ճկունության վերաբերյալ։

Հանձնակատար Կոսը կհանդիպի նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, հանդիպմանը կհաջորդի համատեղհայտարարություն։ Նախատեսված է նաև հանդիպում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ։

Ուրբաթ օրը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կլինի Գյումրիում, կայցելի ԵՄ կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք աջակցում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը:

ԵԽ պաշտոնական հաղորդագրության համաձայն, 2024 թվականի ընթացքում ԵՄ ծրագրերն աջակցել են ավելի քան 7000 հայկական բիզնեսի՝ ստեղծելով ավելի քան 20000 աշխատատեղ։ Հանձնակատարը նաև կայցելի Գյումրու պատմական շուկա, որը ներկայումս ԵՄ ֆինանսավորմամբ վերականգնվում է, ինչպես նաև նորարարական կենտրոն, որը խթանում է երիտասարդության հմտությունները տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտում:

Նախատեսված է, որ Շիրակի պետական համալսարանում նա հանդես կգա ելույթով։

Այնուհետև նա կհանդիպի «Երիտասարդ եվրոպացի դեսպաններ» ծրագրի մասնակիցների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ, որոնք ներգրավված են ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարթա Կոսը մի ամբողջ օր կանցկացնի Գյումրիում