Մենք բոլորս բոլորին ատում ենք, մեր մեջ եղած թշնամությունը սնում է իշխանությանը. Ստեփան Դանիելյան
Քաղաքական
17:15 20/03/2026
Հայաստան

Մենք բոլորս բոլորին ատում ենք, մեր մեջ եղած թշնամությունը սնում է իշխանությանը. Ստեփան Դանիելյան

«Մենք զրկվում ենք հասարակություն կոչվելու իրավունքից»,-ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Դանիելյանը՝ ելույթ ունենալով այսօրվա միջոցառմանը։

Հիշեցնենք, որ առաջիկա ԱԺ ընտրություններին «Մայր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ Այսօր կուսակցությունը հանրությանը ներկայացրեց իր 10 առաջարկները, որոնք համալրելու են այդ ծրագիրը։

Միջոցառման ընթացքում ուշագրավ վերլուծությամբ հանդես եկավ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա խիստ քննադատության ենթարկեց երկրում տիրող ներքաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտը՝ փաստելով, որ Հայաստանն այսօր հայտնվել է սոցիալական խորը ճգնաժամի մեջ:

Դանիելյանի ձևակերպմամբ՝ գործող իշխանության օրոք երկրում սերմանվել է համատարած ատելություն և թշնամանք, ինչը մասնատել է հանրությունը:

«Մենք այսօր ի՞նչ հասարակություն ենք. մենք բոլորս բոլորին ատում ենք, մենք մասնատված ենք, մեր մեջ թշնամություն է մտել։ Այդ թշնամությունը սնում է գործող իշխանությանը։ Ես նույնիսկ կասկածում եմ՝ կարո՞ղ ենք մենք այլևս կոչվել հասարակություն։ Հասարակությունը կանոնների, արժեքների և նորմերի վրա հիմնված կառուցվածք է, որից մենք ամեն օր զրկվում ենք»,- նշեց քաղաքագետը։

Վերլուծելով ներկայիս իրավիճակի պատճառները՝ բանախոսը հետադարձ հայացք նետեց անկախության առաջին տարիներին: Ըստ նրա՝ խնդիրների սկիզբը դրվել է դեռևս 90-ականներին, երբ երկիր մտած «վայրի կապիտալիզմը» լուսանցքից դուրս թողեց հանրության զգալի հատվածին: Քաղաքագետի պնդմամբ՝ սոցիալական պետության փլուզումից հետո մարդիկ մնացին միայնակ իրենց խնդիրների հետ։

«Պատերազմում հաղթած ժողովուրդը, որը դիմացել էր սովին ու զրկանքներին հանուն հաղթանակի, տեսավ, որ պետությունն իրենից մեջքով է շրջվել: Հենց այս տասնամյակների օտարումն ու անտեսված լինելու զգացումն էր, որ ի վերջո հանգեցրեց 2018 թվականի իրադարձություններին»,- իր խոսքն այսպես եզրափակեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder