Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվը շարունակում է աճել
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 11-րդ շաբաթվա ընթացքում (09.03.2026թ.-15.03.2026թ.) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) հոսպիտալացվածների թիվը շարունակում է աճել, նոր դեպքերի թիվը կազմել է 86, որը 10%-ով ավելացել է նախորդ շաբաթվա դեպքերի համեմատ:
«Հերացի» վերլուծականի ներկայացրած տվյալներով, ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 7%-ը` նախորդ շաբաթվա 8.3%-ի փոխարեն: Ցուցանիշի նվազումը պայմանավորված է շաբաթվա ընթացքում բոլոր պատճառներով հոսպիտալացված դեպքերի թվի ավելացմամբ: Տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր դեպքերի գերակշռող մասը բաշխվել է երկու տարիքային խմբերում` 0-4 և 5-14 տարեկաններ:
Դեպքերի 52%-ը (45 դեպք) արձանագրվել է 0-4 տարեկանների, իսկ 47%-ը` (40 դեպք) 5-14 տարեկանների, ևս 1 դեպք` 30-64 տարեկանների շրջանում: Ընդհանուր հեսպիտալացվածներից 7-ը եղել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որը 3.5 անգամ գերազանցում է նախորդ շաբաթվա դեպքերին:
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 3: ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) շաբաթական ամփոփ տվյալների` 2026թ.-ի մարտի 2-ից 8-ը գրիպի տարածաշրջանային ցուցանիշները ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում նվազման միտում ունեն բոլոր տարիքային խմբերում, բացառությամբ 7 երկրների, որոնք հաղորդել են գրիպի դեպքերի աճ: Հոսպիտալացումների հիմնական դեպքերը 65 և ավելի բարձր տարիքի անձիք են: Հարկ է նշել, որ տարածաշրջանում շրջանառվող A(H1) գրիպի վիրուսի մասնաբաժինը շարունակում է մեծանալ` կազմելով 40%, իսկ A (H3) ենթատեսակինը` 60%: Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը մոտենում է 10% համաճարակային շեմին` կազմելով 11%, նախորդ շաբաթվա 13%-ի համեմատ: 25 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 7%, ևս 12 երկրներ հաղորդել են առնվազն 10%:
SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը մնացել է նույն մակարդակին (2%), ինչ նախորդ շաբաթ էր:
Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը բարձրացել է նախորդ շաբաթվա համեմատ` հասնելով 10%-ի: Հոսպիտալացվածները կազմում են ընդհանուր դեպքերի 62%-ը: Հիվանդության բեռը և դրական արդյունքների թիվը մնում է ամենաբարձրը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում: