Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչո՞ւ են ռուբլին ու դոլարը արժեզրկվում, եթե նավթը թանկացել է․ Պարզաբանում է Տնտեսագետը
ԱՄՆ դոլարը երկրորդ օրն անընդմեջ արժեզրկվել է հիմնական արժույթների նկատմամբ՝ նահանջելով վերջին շրջանում գրանցված բարձր ցուցանիշներից։ Ավելի վաղ դոլարը հասել էր շուրջ 10 ամսվա առավելագույնին, սակայն այժմ շուկաներում նկատվում է որոշակի հետընթաց։
Մասնավորապես, եվրոն աճել է 0.26%-ով՝ հասնելով 1.153 դոլարի, մինչդեռ դոլարը նվազել է 0.11%-ով։
Այս մասին Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, tvyal.com-ի հիմնադիր Աղասի Թավադյանի հետ, ով ներկայացրեց փոխարժեքների ներկա միտումները և հնարավոր զարգացումները։
«Եթե դիտարկենք վերջին 7 օրերը, ապա դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ արժեզրկվել է ընդամենը 1 դրամով, այսինքն՝ էական փոփոխություն չենք տեսնում։ Սակայն դա չի նշանակում, որ առաջիկայում կտրուկ տատանումներ չեն լինի»,– նշեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ այս պահին շատ ավելի զգալի փոփոխություններ են արձանագրվում այլ արժույթների դեպքում։
«Մենք տեսնում ենք, որ ռուսական ռուբլին զգալիորեն արժեզրկվել է, մինչդեռ եվրոն գտնվում է հարաբերականորեն կայուն, խելամիտ միջակայքում»,– ընդգծեց նա։
Տնտեսագետի գնահատմամբ՝ ռուսական ռուբլու վերջին շրջանում գրանցված մոտ 10% արժեզրկումը առաջին հայացքից հակասական է թվում՝ հաշվի առնելով նավթի համաշխարհային գների աճը։
Նրա խոսքով՝ փետրվարին ռուսական «Urals» տեսակի նավթը վաճառվում էր 40-50 դոլարի սահմաններում, ինչը ցածր էր Ռուսաստանի բյուջեում նախատեսված 60 դոլարից։ Սակայն Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումներից հետո նավթի գները կտրուկ բարձրացան՝ համաշխարհային շուկայում հասնելով մոտ 95 դոլարի, մինչդեռ ռուսական նավթը վաճառվում է մոտ 90 դոլարով։
«Տրամաբանորեն, նավթի գների նման աճը պետք է հանգեցներ Ռուսաստանի բյուջետային եկամուտների ավելացման և, հետևաբար, ռուբլու արժևորմանը։ Սակայն մենք տեսնում ենք հակառակ պատկերը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ սանկցիաներով և արտահանման եկամուտների մուտքի ժամանակային ուշացումով»,– նշեց Աղասի Թավադյանը։
Նրա գնահատմամբ՝ ներկայում ձևավորվող միտումները կարող են փոփոխվել առաջիկա շաբաթներին, երբ նավթի բարձր գների ազդեցությունը լիարժեք արտացոլվի ֆինանսական հոսքերում։