Թափոնների վերամշակմամբ զբաղվող ընկերությունները հետզհետե փակվում են, ոլորտին բավարար ուշադրություն չի դարձվում
Տնտեսություն
16:47 21/03/2026
Հայաստան

Թափոնների վերամշակմամբ զբաղվող ընկերությունները հետզհետե փակվում են, ոլորտին բավարար ուշադրություն չի դարձվում

 Հայաստանի վերամշակող ընկերություններն այսօր ունեն հումքի խնդիր։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում շատ թափոն կա, որը սակայն վերամշակող ընկերություններին չի հասնում։

«Երկում հումքի պակաս չկա, թափոն մշակողն ունի հումքի պակաս։ Մեծ քանակով, մեկ տեղում հավաքված թափոնատեսակ չկա,չկան   տեսակավորման գործարաններ,չկա բավարար վարչարարություն,արդյունքն էլ այն է, որ այսօր վերամշակող ընկերություններն ունի հումքի խնդիր։ Մշակողը պետք է ինքն ունենա տվյալ հումքի համապատասխան քանակությունը, որպեսզի կարողանա իր արտադրությունը կազմակերպել։ Եթե համապատասխան քանակություն չի ունենում, չի կարող կազմակերպել։ Արտադրական տեսանկյունից՝ նման քանակի հումք կարող են ապահովել միայն տեսակավորման գործարանների միջոցով, այլ կերպ հնարավոր չէ։ Հնարավոր է՝ թղթի, երկաթի, ապակու պարագայում, բայց պլաստիկի և մնացած այլ թափոնների դեպքում հնարավոր չէ»,- ասաց Ղարիբյանը։

Նրա դիտարկմամբ՝ ոլորտում չկա պետական բավարար միջամտություն կամ ուշադրություն։

 «Օրինակ, եթե հայտարարում են ինչ-որ տենդեր, գնման գործընթաց, ենթադրենք՝ դպրոցաշինություն իրականացնելու համար,ապա համապատասխան կետով պետք է թափոնների կառավարումը ներառված լինի։  Այսօր նման պահանջ չկա, մինչդեռ միջազգային  ընկերությունները, որոնք այստեղ աշխատում են, ունեն հստակ դաշտ և հիմնականում կիրառում են այդ դրույթները։ Այսինքն՝ պատվիրատուն,որը վճարում է, նա էլ պահանջում է կամ ներառում է պայմանագրում նման կետ։

Տենդեր է հայտարարում, որի մեջ գրում է պայմանները, օրինակ՝ այս որակի եմ ուզում, այս քանակի կամ ձևի եմ ուզում։ Այդ ամեն ինչը ինքը ներառում է իր գնման գործընթացներում, պատվերի գործընթացում, ու դա արտացոլվում է։  Թափոնների տեսանկյունից չկա որևէ մոտեցում։ Այսինքն՝ կա պայմանագիր, շինարարական աղբը տանում է մի  ընկերություն, ինչ-որ մի հատ փոքր դրույթներ են լինում պայմանագրում ու վերջ։ Իսկ թափոնների տեսակավորման մասին խոսք չկա ՝ հատկապես  վտանգավոր։  Այսինքն՝ ընդհանուր առմամբ՝  բավարար մոտեցում չկա»։

Նա ընդգծեց, որ շատ դեպքերում ընկերությունները չեն դիմանում  և փակվում են, քանի որ վնասով են աշխատում։

Ղարիբյանը կարծում է, որ վերամշակողների հետ պետք է մեկ սեղանի շուրջ նստեն պատասխանատու մարմինները և քննարկեն խնդիրները, լսեն առաջարկներ ու լուծման տարբերակները։

Պետությունը պետք է պահանջի գնման գործընթացում մրցույթը շահած ընկերությունից՝ ունենալ թափոնների կառավարման պլան կամ թափոնների գործածության մեթոդներ ու ձևեր։

Հավենենք, որ  յուրքանաչյուր տարի մարտի 18-ին նշվում է Թափոնների վերամշակման միջազգային օրը, որի նպատակը մարդկանց հիշեցնելն է՝ որքան կարևոր է շրջակա միջավայրի պահպանությունը և աղբին երկրորդ կյանք տալը։ Վերամշակումը օգնում է նվազեցնել աղբի քանակը, խնայել բնական ռեսուրսները և պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ 

    

Աղբյուրը`Panorama.am
Placeholder