Ուզում են հոսանքազրկումների մեղավորը Կարապետյանին հանեն. Հարցում Գյումրիում
Հասարակություն
18:07 21/03/2026
Հայաստան

Ուզում են հոսանքազրկումների մեղավորը Կարապետյանին հանեն. Հարցում Գյումրիում

Հանրապետությունում հաճախակի դարձած հոսանքազրկումները, ինչպես նաև Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի հայտարարությունն առաջիկա հովհարային ջրանջատումների անխուսափելիության մասին լուրջ անհանգստություն են առաջացրել քաղաքացիների շրջանում: Գյումրիում իրականացրած հարցումները ցույց են տալիս, որ բնակչությունը խիստ դժգոհ է ստեղծված իրավիճակից և մտահոգված է ապագայի հեռանկարով:

Քաղաքացիներից մեկը, անդրադառնալով կոմունալ վճարների հավելագրումներին և էներգետիկ համակարգի խնդիրներին, նշեց, որ առկա թերացումները փորձ է արվում բարդել ՀԷՑ-ի նախկին կառավարիչների վրա.

 «Կարծում եմ՝ այս ամենն արվում է նախկին սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանին վատ ժառանգություն թողնելու մեջ մեղադրելու համար: Սա պրիմիտիվ գործելաոճ է: Բացի այդ, մասնագիտական կառույցները պետք է ղեկավարեն համապատասխան փորձառություն ունեցող անձինք, այլ ոչ թե Ռոմանոսը, ով կապ չունի ոլորտի հետ»:

Բնակչության մոտ սուր է նաև անարդարության զգացումը՝ կապված իշխանավորների և շարքային քաղաքացիների կենսամակարդակի տարբերության հետ:

«Ցանկալի կլիներ, որ երկրի ղեկավարն ապրեր սովորական քաղաքացու պես՝ նույն ցածր թոշակով, և իր մաշկի վրա զգար, թե ինչ է նշանակում մնալ առանց լույսի, ջրի և գազի: Միայն այդ դեպքում նրանք կհասկանան ժողովրդի իրական վիճակը»:

Հարցվածների մի մասը հուսահատության և անզորության զգացում ունի, սակայն շատերը միակ լուծումը տեսնում են հասարակական համախմբման մեջ.

«Ժողովրդի վիճակը ծայրահեղ ծանր է։ Քաղաքացին այսօր կանգնած է փաստի առաջ. իշխանությունն ինչ ուզում, անում է։ Կարող են վաղը ամենուր արգելապատնեշներ դնել ու ասել՝ մինչև չվճարես, չես անցնի։ Միակ ելքը ժողովրդի միասնական պայքարն է, որպեսզի վերջապես որևէ դրական փոփոխության հասնենք»։

Քաղաքացիներից մեկն էլ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատճառը համարում է հենց հասարակության վերաբերմունքը.

«Այն ամենի մեջ, ինչ կատարվում է մեր երկրում, առաջնահերթ մեղավորը մեր հասարակության անտարբերությունն է։ Անտարբերությունը հանգեցնում է անինքնասիրության և տգիտության։ Հենց այդ անտարբեր կեցվածքն է թույլ տալիս, որ տեղի ունենան այս հանցավոր գործողությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder