Ծիրանենու մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 27-ից
Տնտեսություն
11:15 24/03/2026
Հայաստան

Ծիրանենու մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 27-ից

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 02-ն ընկած ժամանակահատվածում, որը մոտ է բազմամյա միջին ժամկետին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած մարտի 16-22-ն ագրոօդերևութաբանական տեղեկատվության համաձայն, շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։

Դաշտերում և այգիներում կատարվել է էտ, ծառերի բների փխրեցում և սպիտակեցում։

Արարատյան դաշտում, ինչպես նաև Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում, բազմամյա միջին ժամկետներին մոտ, պտղատուների բողբոջներն ուռչել և թույլ բացվել են, դիտվել է առվույտի ցողունի աճ։

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է հանգուցային արմատների առաջացման և թփակալման փուլերում։

Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում։ Աշնանացանը ծածկված է եղել բավարար ձյունածածկույթով։

Եղանակային պայմանները նպաստավոր են եղել աշնանացանի ձմեռման համար։

Բույսերի բարձրությունը կազմել է 8–11սմ, ինչը համապատասխանում է տվյալ զարգացման փուլին և մշակաբույսի նորմալ աճին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծիրանենու մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 27-ից