Զորակոչիկները մի քանի անգամ տարկետումից հետո մեկ էլ ճանաչվում են զինծառայության համար պիտանի. Ն. Մովսեսյան
Իրավունք
15:37 24/03/2026
Հայաստան

Զորակոչիկները մի քանի անգամ տարկետումից հետո մեկ էլ ճանաչվում են զինծառայության համար պիտանի. Ն. Մովսեսյան

«2025-ի ամառային ու ձմեռային զորակոչի ընթացքում կազմակերպությանը դիմել է 75 զորակոչիկ, որոնց մեծամասնությունը՝ 80 տոկոսից ավելին առողջական խնդիրների հետ կապված հարցերով»,-Մեդիա կենտրոնում «Առողջության պահպանման իրավունքը բանակում և քրեակատարողական համակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։

Նրա խոսքով, տասը դեպքով իրենք բողոքարկել են զորակոչիկի առողջության վերաբերյալ եզրակացությունները։

Փորձագետն ասաց, տարիներ շարունակ զորակոչիկների առողջությանը համալիր ուշադրություն չի դարձվում, եթե զորակոչիկն ունի մի քանի խնդիր, ապա դրանց մի մասն անտեսվում է, պատշաճ ուշադրություն չի դարձվում։

Ավելին, այստեղ լուրջ խնդիր կա, երբ զինակոչային տարիքի տղաները ցանկանում են հետազոտվել սեփական միջոցներով։ Հիմնականում բուժհաստատությունները մերժում են հետազոտել՝ վախենալով, որ դրանք գուցե չհամընկնեն, հակասեն բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության տվյալներին։

«Օրինակ, երբ անհետաձգելի բժշկական հետազոտություն է անհրաժեշտ, ենթադրենք զորակոչիկը թոքաբորբով հիվանդ է, նրան ասում են, առանց ուղեգրի հետազոտել չենք կարող։ Զորակոչի բոլոր փուլերում ունենք  պատշաճ հետազոտության հետ կապված խնդիր»,-ասաց Ն. Մովսեսյանը։

Քննարկման մասնակից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանն ասաց՝ 2025-ին ստացել են 900 դիմում-բողոք, որից 86 տոկոսը կամ 744-ը վերաբերել է հենց առողջության պահպանման իրավունքին, այդ թվում պատշաճ հետազոտություններին և փորձաքննություններին։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder