Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ո՞վ կարտոֆիլ չի ուտում, պրոցեսը գիտակցված անլրջացնում են․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ՝ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը խոսել են պատերզմի հավանականության մասին, որով վերջին օրերին ՔՊ-ն սպառնում է հայ ժողովրդին, անդրադարձել են TRIPP նախագծին «Խաղաղության խաչմերուկին» և իհարկե, ՔՊ-ի իրականացրած նախընտրական տեխոնոլոգիաներին։
Պատգամավորները նկատեցին, որ իշխանությունը գերակտիվ նախընտրական քարոզչության մեջ է՝ իրենց բնորոշ բանաձևով կարտոշկա ենք ուտում, որ մարդիկ տեսնեն ու գնան քվեարկեն։ Միաժամանակ,այս «ամենօրյա ուտելիքի և շոուների» ֆոնին, ըստ պատգամավորների, ստվերում են մնում շատ կարևոր թեմաներ։
«Ընտրությունները հենց նրա համար են, որ խոսեն լուրջ հարցերից։ Ճակատագրական պահ է գալիս երկրի համար և,ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն՝ որ քաղաքական ուժի, որ առաջնորդի համար քվեարկել։ Այն, ինչ ես տեսնում եմ՝ կարծեք գիտակցված ձևով փորձում են այս պրոցեսն ամբողջությամբ անլրջացնել։ Եվ պատճառը ևս ինձ համար հասկանալի է՝ լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն»- պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ աբսուրդ է, երբ մտածում են, թե ով լավաշ կամ կարտոֆիլ է ուտում՝ իրենց պետք է քվեարկի։
«Իսկ Հայաստանում ո՞վ չի ուտում կարտոֆիլ»,-ծիծաղելով հարց հնչեցրեց Քոչարյանը և շարունակեց․
«Եվրոպայի հյուսիսն ամենից հարուստն է եվրոպական երկրների մեջ։ Կրկնակի ավելի կարտոֆիլ ուտում են Եվրոպայի հյուսիսում, քան՝ հարավում։ Սառը երկրների ուտելիքի մեջ կարտոֆիլը շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում, որովհետև էներգիան, կալորիաներն ավելի շատ են ։ Մարդկանց հիմարի տեղ են դնում էլի՝ կարտոֆիլ ուտենք, կուկռուզ ուտենք։ Եգիպտացորենը Միացյալ Նահանգներում ամենից ընդունված ուտելիքից մեկն է»։
Ագնեսա Խամոյանն էլ նկատեց․ «Պարոն նախագահ, ասում եք, որ լրջության և անլրջության պայքար է, բայց ես կարծում եմ, որ ինքը ինչ-որ հաշվարկների հիման վրա է այդ ամեն ինչը կյանքի կոչում։ Հիմա էլ մտել է 2018 թվականի շրջապտույտի մեջ, 18 թվականի հիշողություններն է փորձում թարմացնել։ Նա արդյո՞ք ճիշտ հաշվարկ չի անում մեծ հաշվով, որովհետև, այո, մենք կարող ենք շատ լուրջ հարցեր քննարկել՝ տարածաշրջանում իրավիճակը, սոցիալ տնտեսական հարցեր, բայց նա մի տեսակ իջեցնում է նշաձողը, իջեցնում է լայն շերտերի համար ընկալելի մակարդակի։ Այս պայմաններում խոսում ենք լուրջ թեմաներից մի տեսակ անարդար չի՞ ստացվելու մրցակցությունը քարոզարշավի ժամանակ և ո՞վ է շահելու։ Կարո՞ղ է մենք անմրցունակ դառնանք մեր «լրջությամբ»»։
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն արջագանքեց․
«Դուք կարծո՞ւմ եք, որ Հայաստանում այլևս ընտրող չկա, որը լրջություն է փնտրում։ Անլրջության դեպքում ՝ մենք մեր ընտրողին կկորցնենք։ Խոսքը գնում է հետևյալի մասին՝ դու սեփական ժողովրդի հարգո՞ւմ ես, թե՝ ոչ։ Դու ընտրությունները կրկեսի՞ ես վերածում, թե՞ լուրջ ես վերաբերվում։ Իրականում, այն, ինչ ես տեսնում եմ, նույնիսկ կրկեսի վերածվել չէ, կոպիտ ասած՝ «դուռդոմ» է վերածվել, գժանոցի։ Խոսքը նրա մասին չէ, որ ինչ-որ մեկը մի բան է ուտում , այլ այն մասին, թե իրեն հարգո՞ւմ ես, թե ոչ, դու իրեն «օպել քշող համբալի» տե՞ղ ես դնում, կամ մի մարդու, որը չգիտի, թե այդ 10 000 դրամը ո՞նց ծախսի։ Եթե այդպես ես համարում, ուրեմն՝ ինքը ճիշտ է անում»։
Քոչարյանն այն համոզմանն է, որ ժողովրդի զգալի հատվածը վերջապես գնահատի, թե ինչ է կատարվում։
Մանրամասները՝ տեսանյութում։