Մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում... չօգտագործեն «Գյոյչան». Վահե Դավթյան
Քաղաքական
21:52 24/03/2026
Հայաստան

Մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում... չօգտագործեն «Գյոյչան». Վահե Դավթյան

«Կան պայմաններ, որոնցում ռևանշիզմի միակ այլընտրանքն ասիմիլացումն է: Բովանդակային սննկացումը»,-գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ շարունակելով.

«Անարդարության փակ ցիկլում տարիներ շարունակ ապրող ժողովրդի ներսում չի կարող չկուտակվել բացասական էներգիա: Եվ այդ էներգիան վաղ թե ուշ փոխակերպվում է ծայրահեղական մեծ ալիքների: Դա մի յուրահատուկ ՛՛սեղմված զսպանակ է՛՛, որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում:

Իրականությունն այն է, որ այդ զսպանակը վաղ թե ուշ բացվում է:

Կարդացեք աշխարհաքաղաքականության դասականներին` Հաուսհոֆերից մինչև Գումիլև, որոնք կենսաբանական մակարդակում վաղուց սահմանել են այս ֆունդամենտալ օրինաչափությունը: Յուրաքանչյուր էթնոս ձգտում է սեփական կենսական տարածության ընդլայմանը: Մինչդեռ այդ տարածության նպատակային սեղմումը էթնոսի ներսում հանգեցնում է խորքային մենթալ աղճատումների, կոլեկտիվ բարդույթների: Արդյունքում առաջանում է արդարության հաստատման ձգտում: Երբեմն դա առողջ ձգտում է, երբեմն՝ ֆանատիկ: Բայց դա, թերևս, այլ թեմա է:

Այդ կուտակումը սկսվում է տարրականից՝ ՛՛ես-նա՛՛, ՛՛մենք-նրանք՛՛ հակադրումից, առանց որի չկա ինքնություն: Ոչ ազգային, ոչ քաղաքական: Փոխարենը կա անդրինքություն, թվային ինքնություն՝ արհեստական բանականության լայն ենթակառուցվածքներով:

Եվ հենց այդ օրգանական հակադրումն այսօր մեզանում փորձում են արմատախիլ անել՝ ՛՛խաղաղության՛՛ միակողմանի հաստատմամբ ու Անկախության հռչակագրի լիկվիդացմամբ, ցորենի ու բենզինի սիմվոլիկ ներմուծմամբ ու Արցախյան շարժման չլինելու մասին հայտարարություններով: Նպատակը պարզ է՝ բացառելով այդ հակադրումը՝ բացառել նաև մեր վերագիտակցումը:

Դրան զուգահեռ Ադրբեջանում ՛՛մենք-նրանք՛՛-ը պետական քաղաքականության բազային գործոն է: Արցախյան երկրորդ պատերազմն ու դրան հաջորդած զարգացումները պարարտ հող ստեղծեցին Ադրբեջանում ազգակերտման, ազգային ու քաղաքական ինքնության ձևավորման համար: Այսօր նրանք այդ գործընթացի ամենաակտիվ փուլում են գտնվում: Մինչդեռ մեզ հորդորում են չօգտագործել ՛՛Արցախ՛՛ տեղանունը, որպեսզի Արդբեջանում... չօգտագործեն ՛՛Գյոյչան՛՛:

Սա հոգեբանական օպերացիա է, որի նպատակը կոլեկտիվ հիշողության դեակտիվացումն է, քաղաքական սուբյեկտայնության աստիճանական ապամոնտաժումը: Այս համատեքստում ՛՛մենք-նրանք՛՛ հակադրության արհեստական չեղարկումը ոչ թե հաշտեցման, այլ ապակողմնորոշման մեխանիզմ է։

Պարադոքսն այն է, որ մի կողմում ՛՛մենք-նրանք՛՛-ը ինստիտուցիոնալացվում է, մյուս կողմում՝ ներկայացվում որպես հետամնացության և նույնիսկ սպառնալիքի աղբյուր։

Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ նման անհամաչափությունները երկար չեն պահպանվում։ Զսպանակը չի կարող անվերջ սեղմված մնալ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder