Վիզաների «իտալական մաֆիա՞». Տուրիստական ընկերությունները լուրջ խնդիրների են բախվում
Հասարակություն
15:03 25/03/2026
Հայաստան

Վիզաների «իտալական մաֆիա՞». Տուրիստական ընկերությունները լուրջ խնդիրների են բախվում

«Պետական մարմինները չեն օգնում, դեսպանատունը տոտալ արհամարհում է քաղաքացիների իրավունքները։ Ստացվում է մի տեսակ «իտալական մաֆիա», որտեղ անում են այն, ինչ ուզում են։ Սա խայտառակություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց «ANY WISH TOUR» տուրիստական ընկերության տնօրեն Ալինա Պետրոսյանը՝ ներկայացնելով այն խոչընդոտներն ու խնդիրները, որոնց բախվում են թե՛ տուրիստական ընկերությունները, թե՛ քաղաքացիները։

Ըստ Ալինա Պետրոսյանի՝ Իտալիայի վիզա կենտրոններում ժամադրության (appointment) օր ֆիքսելը դարձել է գրեթե անհնարին, հատկապես ընտանիքների համար։

«Եթե փորձում ես միանգամից գրանցել ընտանիքի անդամներին՝ 3 կամ 4 անձի համար նույն կոդով, համակարգն ամիսներով տեղ ցույց  չի տալիս։ Բայց պարադոքսն այն է, երբ գնում ես վիզա կենտրոն, տեսնում ես, անվերջ հերթեր։ Սա նշանակում է, որ օրերը ոչ թե սովորական կարգով են բացվում, այլ վաճառվում են ներսից»,-կարծիք հայտնեց տուրիստական ընկերության ղեկավարը։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ կան գործընկեր կազմակերպություններ կամ «բոտերով» աշխատող միջնորդներ, որոնք հավելյալ գումարի դիմաց տեղեր են տրամադրում, ինչը կասկածներ է առաջացնում վիզա կենտրոնի ներքին օղակների ներգրավվածության մասին։

Panorama.am-ի զրուցակցի խոսքով, ամենամեծ խնդիրներից մեկը ժամադրությունների կամայական չեղարկումն է։

Ալինա Պետրոսյանը ներկայացնում է դեպքեր, երբ մեծ դժվարությամբ հաջողվել է ամուսններից մեկի համար տեղ վերցնել այսօրվա ամսաթվով, իսկ մյուսի համար՝ վաղվա։ Սակայն վիզա կենտրոնում քաղաքացիներին հայտնել են, որ իրենց ժամադրությունները չեղարկվել են, քանի որ նրանք «պարտավոր էին» նույն կոդով վերցնել տեղը։

«Ի՞նչ իրավունքով են չեղարկում վճարված ժամադրությունը։ Դեսպանատունը յուրաքանչյուրի գործն առանձին է քննում, և իրար հետ փոխկապակցված լինելը չի ազդում վիզա ստանալու վրա։ Սա արվում է կա՛մ այդ օրն ուրիշին ավելի թանկ վաճառելու, կա՛մ արհեստական խոչընդոտ ստեղծելու համար։ Ամենակարևորն այն է, որ ծառայությունը չեն մատուցում, բայց վճարված գումարը հետ չեն վերադարձնում»,- վրդովվում է նա։

Հաջորդ խնդիրը, ըստ նրա,  կապված է երեխաների փաստաթղթերի հետ։ Եթե երեխայի ժամադրությունը ծնողների օրվանից մի քանի օր առաջ կամ հետ է, կենտրոնը հրաժարվում է ընդունել փաստաթղթերը՝ պահանջելով լիազորագիր ինչ-որ մեկի անունով, ով արդեն ունի Շենգեն վիզա։

«Ծնողների օրը նրանց ասում են, եթե ուզում եք՝ ձեր երեխայի թղթերն էլ ընդունենք արտահերթ կերպով, ապա ևս մեկ անգամ հավելյալ վճարեք։ Սա մշակված սխեմա է՝ մարդկանցից հնարավորինս շատ գումար շորթելու համար»,-պնդում է Ա. Պետրոսյանն ու ավելացնում, չնայած բազմաթիվ բողոքներին՝ թե՛ Տուրիզմի կոմիտեն, թե՛ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում են, որ դա իրենց գործառույթներից դուրս է և չեն կարող միջամտել դեսպանատան կամ վիզա կենտրոնի աշխատանքին։

Այսօր, երբ պատերազմական իրավիճակների պատճառով փակ են ասիական և սլավոնական ուղղությունները, Եվրոպան մնացել է հիմնական հասանելի ուղղությունը հայ զբոսաշրջիկների համար։ Վիզա կենտրոնների այսօրինակ պահվածքը լուրջ հարված է հասցնում տուրիստական ընկերություններին։

Ալինա Պետրոսյանը նշում է, որ այժմ պատրաստում է պաշտոնական բողոք-նամակների փաթեթ դեսպանատանը ներկայացնելու համար և պատրաստվում է լինել հետևողական՝ այս «սխեմաները» կոտրելու և քաղաքացիների իրավունքները վերականգնելու հարցում։

Panorama.am-ը խնդրի վերաբերյալ փորձեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ ԱԳՆ-ից, սակայն զանգերը մնացին անպատասխան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիզաների «իտալական մաֆիա՞». Տուրիստական ընկերությունները լուրջ խնդիրների են բախվում