Հորդորում ենք դատավորին բացարկ հայտնել, որպեսզի նման կասկածները փարատվեն. Արշակ Սրբազանի պաշտպան
Իրավունք
17:04 25/03/2026
Հայաստան

Հորդորում ենք դատավորին բացարկ հայտնել, որպեսզի նման կասկածները փարատվեն. Արշակ Սրբազանի պաշտպան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստին պաշտպանական թիմը բացարակ հայտնեց դատավոր Գևորգ Մանուկյանին։

Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ նախագահող դատավորի անձնական կաշկանդվածության կամ կանխակալության  մասին կոնկրետ խոսել չեն կարող, բայց այն փաստը, որ դատավորն աշխատել է քննչական մարզային վարչությունում, կոնկրետ քննիչների հետ, ակամայից  գործընկերային հարաբերություններ է ունեցել, դատախազությունում է աշխատելու ու ներկայիս մեղադրող Ալիսա  Բոյաջյանի հետ գործընկերային հարաբերություններ ունեցել, ինքնին իրենց  առերևութ թույլ է տալիս կարծելու, որ հնարավոր է լինի հետագայում որևէ կանխակալություն։

«Իհարկե, այս հարցը մեզ համար այդքան էական չէր լինի, եթե ամենաառանցքային հարցը հիմա չքննարկեինք։

Ինչպես գիտենք, քրեական գործում կա իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութ։ Մեծ հարց է՝  եղե՞լ է  ընդհնարապես թմրանյութ, թե՞ ոչ, ի սկզբանե կա՞ր, թե՞ չկար,  հետո ինչպե՞ս է անհետացել, այդ մասով քննության պարագայում ակամայից չի բացառվում, որ նորից ձեր նախկին գործընկերների հետ կապված ինչ-որ հարցերի քննարկման անհրաժեշտություն առաջանա, ոչ մեկս չենք կարող կանխատեսել՝ ինչ ծավալի կլինի, նաև հսկողություն է իրականացրել դատախազությունը։

Մեզ մոտ կարող է օբյեկտիվ կասկած առաջանալ, որ ինչ-որ փուլում հնարավոր է,  մարդկային, գործընկերային հարաբերություններից ելնելով, կաշկանդավածություն լինի։ Գուցե չլին»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի, Եվրոպական դատարանի մոտեցումը կայանում է  նրանում, որ եթե կան օբյեկտիվ փաստեր, որոնք կարող են կասկածի տեղիք տալ, ապա դատարանը չպետք է այդ գործը քննի։

«Մենք չենք ուզում սկսել մի վարույթ, որը հետո կարող է կասկածի տակ դրվի։ Վերը նշված հանգամանքներից ելնելով, պատվարժան դատարան, բացարկ ենք հայտնում դատավորին»,-ասաց Ե. Սարգսյանը։

Պաշտպան Արսեն Բաբայանը նույնպես միջնորդեց դատավորին բացարկ հայտնել. «Օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է կարծիք ձևավորվել. աշխատել եք, գործընկերներ ունեք, թմրամիջոցն անհետացել է։ Օրինակ, ներողություն եմ խնդրում, տեսական քնարկում ենք անում, գործի քննության ընթացքում պարզվի, որ թմրամիջոցի անհետացման կամ դրա ի սկզբանե գոյություն չունենալու հետ դուք որոշակի առնչություն եք ունեցել։ Հորդորում եմ, միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնեք, որպեսզի նման կասկածները փարատվեն»։ 

Ըստ դատախազի, միջնորդությունն անհիմն է։ 

Հիշեցնենք, որ այս գործով Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, իբր թե  այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս կալանավորված է եղել։ Այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։

Դատավորն այսօրվա նիստում ասաց, որ թմրանյութի չհայտնաբերման փաստի առիթով պաշտոնական անփութության կապակցությամբ վարույթ է հարուցված։

Մանրամասն՝ տեսանյութերում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հորդորում ենք դատավորին բացարկ հայտնել, որպեսզի նման կասկածները փարատվեն. Արշակ Սրբազանի պաշտպան