Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ պետք է գա դատարան, պատասխան տա. Բագրատ Սրբազան
Իրավունք
16:50 26/03/2026
Հայաստան

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ պետք է գա դատարան, պատասխան տա. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր 18 արդարների գործով դատական նիստին  կարծիք հայտնեց, որ պետք է դատարան գան ու վկայություն տան նաև գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահն ու այլ պաշտոնյաներ, «որոնք բերանները բացել են ու ինչ ուզել ասել են»։

«Ես ձեզ ավելին ասեմ, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ պետք է գա պատասխան տա, որովհետև նա էլ է մեղսակից, ավելին, Եվրախորհրդարանում էլ է հայտարարություններ արել կոնկրետ մեղադրանքներով։ Էլ որտե՞ղ պետք է պատասխան տան, վկայի կարգավիճակով թող գան, վկայություն տան»,-ասաց Բագրատ Սրբազանը, նրա խոսքն ընդհատվեց ծափահարություններով։

Նա նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ կան ծավալուն մաս, որտեղ գրված է «չի լսվում»։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նկատեց, մարդիկ կարող են մարդկանց մասին ինչ ուզեն խոսեն, նրանց ճակատագրի վրա ազդեն ու մնան անպատասխան։

«Մարդիկ, որոնք անմեղության կանխավարկածը ոտքի տակ տված հայտարարություններ են արել, հիմա հրաժարվում են դրանցից։ Փաստորեն, ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ; Բայց այդ մարդիկ պետք է պատասխան տան, եթե ոչ դատարաններում, ապա որտե՞ղ, փողոցո՞ւմ, իրենց տա՞նը, Աստծո առա՞ջ»,-հարցեր հնչեցրեց Սրբազանը։

Նշենք, հանրային մեղադրողը դատարանին միջնորդեց, որ հարցաքննության չկանչվեն գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը.  «Որևէ իրավական հիմնավորում չի ներկայացվել, նշված անձանց թե կարգավիճակը, թե պաշտոնական դիրքը, թե գործառույթները չեն կարող հանդիսանալ դատարանում նրանց հարցաքննությունների հիմք»։

Նրանց դատարան կանչելու ու հարցաքննելու միջնորդություն ներկայացրել էր Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder