Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներին վճարել չեն կարողանում. Ի՞նչ է կատարվում
Կրթություն, գիտություն
15:45 26/03/2026
Հայաստան

Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներին վճարել չեն կարողանում. Ի՞նչ է կատարվում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն ու ուսուցիչները հրավիրել են հրատապ մամուլի ասուլիս։ Կրթահամալիրի աշխատողների անհատական պայմանագրերով, կոլեկտիվ պայմանագրով որոշված մարտ ամսվա կանխավճարներն (ավանսային վճարումներ) ուշացել են 5 օրով, ինչի հետևանքով խախտվում են աշխատողների աշխատանքային իրավունքները:

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի անձնակազմը դիմել են և ՀՀ վարչապետին, և ԱԺ պատասխանատու հանձնաժողովներին՝ բարձրաձայնելով հաստատության ֆինանսավորման էական նվազեցման և բյուջետային պակասորդի մասին։

Կրթահամալիրը հայտը ներկայացրել է՝ հիմնվելով իր մոտ գործող 160.000 դրամ դրույքաչափի վրա, սակայն ԿԳՄՍ նախարարությունը հաշվարկն իրականացրել է 140.000 դրամով:  Նախարարության հատկացրած բյուջեն (շուրջ 125.4 մլն դրամ) ավելի քան երկու անգամ պակաս է կրթահամալիրի ներկայացրած հիմնավորված հայտից (շուրջ 285.2 մլն դրամ):

Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը անդրադառնալով ֆինանսական պակասորդին նշեց․«Կրթահամալիրում 2020 թվականի փետրվարից ուսուցիչների հետ կնքված բոլոր աշխատանքային պայմանագրերում նվազագույն աշխատավարձի դրույքաչափ սահմանվել է 160․000 դրամը։ Վերևում կան բոլոր աշխատանքային պայմանագրերը, եթե դուք կարող եք ցույց տալ, որ որևէ աշխատողի հետ պայմանագրում 160․000 դրամ չի դրված, դա կնշանակի՝ ես ճիշտ չեմ ասում, բայց դա անհնար է։ Մեզ համար անհասականալի է ԿԳՄՍ ֆինասնավորման հաշվարկի դրույքաչափը, որը կազմում է 140․000 դրամ»։

Չնայած կրթահամալիրը բաղկացած է 6 հանրակրթական դպրոցներից և 1 քոլեջից, նախարարությունն այն ֆինանսավորում է որպես մեկ միասնական հանրակրթական հաստատություն, ինչը հանգեցնում է միջոցների կրճատման:

Կրթահամալիրի տնօրենը պնդում է, որ առկա է ավելի քան 200 միլիոն դրամի պակասորդ։ 2026թ. հունվար-մարտ ամիսների համար պետական բյուջեից վճարումները դեռ չեն կատարվել: Աշխատավարձերի ամբողջական վճարումը և կրթական ծրագրերի իրականացումը հայտնվել են վտանգի տակ, առկա է հաստիքների կրճատման վտանգ։

Բլեյանը նաև ասաց, որ կրթահամալիրում ոչ մի օր չի ընդհատվել ուսումնական պրոցեսը։

«Ոչ մի օր ուսումնական պրոցեսը չի խաթարվել, մենք հաղթահարել ենք ամենը մեր միջոցներով։ Մենք չենք խնդրում որևէ աջակցություն, մենք խնդրում ենք մեր հասանելիքը»,- նշեց Աշոտ Բլեյանը։

Խնդրի վերաբերյալ Panorama.am-ը փորձեց պաշտոնական տեղեկատվություն ստանալ նաև ԿԳՄՍ նախարարությունից, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder