Փաշինյանը Բաքվին հավաստիացնում է, որ ամեն գնով հասնելու է Ադրբեջանի ներկայացրած պահանջների կատարմանը. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
12:26 27/03/2026
Հայաստան

Փաշինյանը Բաքվին հավաստիացնում է, որ ամեն գնով հասնելու է Ադրբեջանի ներկայացրած պահանջների կատարմանը. Տիգրան Աբրահամյան

«Զոհվածների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյա պետերազմի քննիչ հանձնաժողովի զեկույց»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նկատեց, որ պատերազմից հետո, երբ էմոցիոնալ ֆոնը բարձր էր, իշխանությունները մարդկանց խոստացել էին, զեկույցի միջոցով արձագանքել և հստակ նշել  պատերազմի մեղավորներին պատասխանատուներին, տարբեր դրվագների հետ կապված հստակ գնահատականներ, որոնք վերաբերում են մարդկանց զոհվելուն, անհետ կորածներին։

Նկատելով, որ զեկույցի հետ կապված հակասություններ կա նաև իշխանության ներսում՝ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այն ներկայում ունի արխիվացված կարգավիճակ։

Նշելով, որ խնդիրն այլ տեղ է՝ Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ երբ ստեղծվում էր քննիչ հանձնաժողովը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հստակ դիրքորոշում էր հայտնել, որ պատերազմի ժամանակ պաշտոն և պատասխանատվություն ունեցող անձինք չէին կարող արդար և օբյեկտիվ քննություն անցկացնել և բացահայտել պատասխանատուների շրջանակը։

«Քաննիչ հանձնաժողովը քննություն անցկացրել է և եկել է մի հակասական կետի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և, տեղեկացնելով, որ ծանոթ է զեկույցին, բայց գաղտնիության ռեժիմը թույլ չի տալիս բովանդակությունը բացել, հավելեց.

«Կար իշխանության խոստումը, որ այդ զեկույցը պետք է բավարարի թեմայի հիմնական շահառուներին, բայց իշխանությունը, ըստ էության, իր խոտումը չի կատարել»։

Պատգամավորը հայտարարեց, որ աջակցելու են, որ զեկույցը հրապարակվի։

Աբրահամյանը նաև հայտարարեց, որ սատարում է զոհվածների ծնողների՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Գլխավոր դատախազություն հայց ներկայացնելուն, քանի որ վարչապետի պաշտոն զբաղեցնողն ամբիոններից հակասական հայտարարություններ է անում։

Անդրադառնոլվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արցախցիները փախել են՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն հարցադրում արեց. «Եթե 2023 թվականին ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի պայմաններում  արցախցիները չեն կռվել, ապա ինչպես է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողությունների ժամանակ չկռված ՊԲ հրամանատարն իր ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈւ-երում։ Սա երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը ստում է, հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կա՛մ Փաշինյանի համար նպաստավոր է բոլոր այն իրավիճակները, երբ ՀՀ ԶՈւ-ում ծառայության են անցնում մարդիկ, որոնք, իր գնահատականներով, «փախածներ» են»։

Աբրահամյանը նաև հիշեցրեց, որ 2023 թ. ագրեսիայի երկու օրվա ընթացքում արցախցիները տվել են 230 զոհ, ևս 3 տասնյակն անհետ կորած են։

 Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե անհրաժեշտության դեպքում կրկնակի հանրաքվե կանցկացնեն Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու համար՝ Աբրահամյանն ասաց. Սեփական վերարտադրությունը կատարելու ճանապարհին նա Բաքվին հավաստիացնում է, որ ամեն գնով  հասնելու է ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարմանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder