Լոս Անջելեսի դատարանն առաջին անգամ Meta-ին և Google-ին մեղավոր է ճանաչել երիտասարդին կախվածության մեջ գցելու համար
Իրավունք
08:23 27/03/2026
Աշխարհ

Լոս Անջելեսի դատարանն առաջին անգամ Meta-ին և Google-ին մեղավոր է ճանաչել երիտասարդին կախվածության մեջ գցելու համար

Լոս Անջելեսի դատարանն առաջին անգամ Meta-ին (Instagram, Facebook, WhatsApp) և Google-ին (YouTube) մեղավոր է ճանաչել իրենց սոցիալական ցանցերի միջոցով երեխային հոգեբանական վնաս պատճառելու համար:

Այս մասին հայտնում է BBC-ն ու մանրամասնում, որ դատարանի այդ որոշումից հետո Meta-ի բաժնետոմսերն անկել են 8 տոկոսով, բորսայում կտրուկ նվազել են նաև Reddit և Snap սոցիալական ցանցերի բաժնետոմսերը՝ համապատասխանաբար 10 և 11 տոկոսով։

Ընկերությունների դեմ դատարան հայց ներկայացրել է  20-ամյա ամերիկուհին՝ Քեյլին: Նա սկսել է օգտագործել YouTube-ը վեց տարեկանից, իսկ Instagram-ը՝ ինը տարեկանից։ Տասը տարեկանում նրա մոտ զարգացել են անհանգստություն և դեպրեսիա, որոնք հետագայում ախտորոշվել են թերապևտի կողմից: Քեյլիի մոտ նաև ախտորոշվել է մարմնի դիսմորֆիկ խանգարում, որը նա բացատրում է Instagram-ի ֆիլտրերի տարիներ շարունակ օգտագործմամբ։

«Ես դադարել էի շփվել իմ ընտանիքի անդամների հետ, քանի որ ամբողջ ընթացքում սոցիալական ցանցերում էի»,-նշել է Քեյլին։

Նրա փաստաբան Մարկ Լանիերը պնդել է, որ հարթակի անվերջ լրահոսը, push-նոտացիաները և այլ մեխանիզմները նախատեսված են հատկապես երիտասարդ լսարանը պահպանելու համար, ինչը վերածվում է գովազդային եկամտի, բայց վնաս է հասցնում նրանց հոգեկան առողջությանը: Ներկայացված ապացույցների թվում էր, օրինակ, 2015 թվականի ներքին էլեկտրոնային նամակը, որում Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պահանջում էր սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակի 12%-ով ավելացում:

Դատարանը պարտավորեցրել է կորպորացիային վճարել 6 միլիոն դոլար, չնայած հայցվոր կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը:

Դատավճիռը կարող է հիմք հանդիսանալ հազարավոր նմանատիպ դատական ​​​​հայցերի համար։ Այն առաջին անգամ ընդունում է՝ վնաս կարող է պատճառվել ոչ միայն բովանդակությամբ, այլև սոցիալական ցանցերի դիզայնով, որը նախատեսված է ուշադրությունը պահպանելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լոս Անջելեսի դատարանն առաջին անգամ Meta-ին և Google-ին մեղավոր է ճանաչել երիտասարդին կախվածության մեջ գցելու համար