Եթե պատերազմը շարունակվի մինչև հունիս, նավթի գները կարող են հասնել 200 դոլարի. Reuters
Տնտեսություն
13:10 27/03/2026
Հայաստան

Եթե պատերազմը շարունակվի մինչև հունիս, նավթի գները կարող են հասնել 200 դոլարի. Reuters

Նավթի համաշխարհային շուկաներում ուրբաթ օրը գրանցվել է շաբաթական անկման միտում՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 օրով երկարաձգեց Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների դադարեցումը։ Չնայած այս քայլը դիտվում է որպես լարվածությունը մեղմացնելու փորձ, ներդրողները շարունակում են զգուշավոր լինել՝ հակամարտության արագ ավարտի նկատմամբ վստահության պակասի պատճառով։

Վերջին տվյալներով՝ նավթի հիմնական ցուցանիշները գրեթե անփոփոխ են մնացել նախորդ աճից հետո։ Brent crude oil տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 4 ցենտով՝ հասնելով 107.97 դոլարի մեկ բարելի համար, իսկ West Texas Intermediate (WTI)-ը նվազել է 40 ցենտով՝ կազմելով 94.08 դոլար մեկ բարելի դիմաց։

Միաժամանակ Վաշինգտոնը մինչև ապրիլի 6-ը երկարաձգել է Իրանի համար սահմանված վերջնաժամկետը՝ պահանջելով վերականգնել նավթային փոխադրումները Հորմուզի նեղուցով: Հակառակ դեպքում ԱՄՆ-ն սպառնում է թիրախավորել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը տարածաշրջան է տեղափոխել հազարավոր զինվորներ և քննարկում է ցամաքային գործողությունների հնարավորությունը՝ վերահսկելու Իրանի գլխավոր նավթային հանգույցներից մեկը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի պաշտոնյաներից մեկը ԱՄՆ-ի ներկայացրած 15 կետանոց առաջարկը բնութագրել է որպես «միակողմանի և անարդար»։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե հակամարտությունը մոտ ժամանակում սկսի մարել, նավթի գները կարող են արագ նվազել՝ պահպանվելով մինչպատերազմյան մակարդակից բարձր։ Սակայն հակառակ սցենարի դեպքում՝ երկարատև բախումների ու մինչև հունիս հասնելու պարագայում,  հնարավոր է գների կտրուկ աճ՝ մինչև 200 դոլար մեկ բարելի համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե պատերազմը շարունակվի մինչև հունիս, նավթի գները կարող են հասնել 200 դոլարի. Reuters