«Փաստ». Հայաստանում գործում է օրենքի համընդհանուր կիրառությո՞ւն, թե՞ գոյություն ունի «ընտրովի արդարադատություն»
Օրվա մամուլ
08:37 28/03/2026
Հայաստան

«Փաստ». Հայաստանում գործում է օրենքի համընդհանուր կիրառությո՞ւն, թե՞ գոյություն ունի «ընտրովի արդարադատություն»

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում հանրային դաշտում կրկին ակտիվացել են քննարկումները՝ կապված իշխանական համակարգի ներկայացուցիչների շուրջ առաջացող գույքային և իրավական վեճերի հետ։ Խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել առանձին դեպքերի շրջանակներից և վերածվել է համակարգային հարցի՝ արդյոք Հայաստանում գործո՞ւմ է օրենքի համընդհանուր կիրառություն, թե՞ գոյություն ունի «ընտրովի արդարադատություն»: Շատերի համար հարցն իրականում հռետորական է:

Մասնավորապես, օրակարգում հայտնված վերջին պատմություններից մեկը վերաբերում է սնանկության գործընթացին առնչվող գույքային խնդրին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, խոսքը շուրջ 90 միլիոն դրամ արժողությամբ գույքի մասին է, որը կապված է սնանկության գործընթացում գտնվող անձի հետ։ Նշվում է, որ այդ գույքը չի գույքագրվում, չնայած այն հանգամանքին, որ նման ընթացակարգը պարտադիր է և ուղղված է պարտատերերի պահանջների բավարարմանը։

Հենց այս համատեքստում է, որ քննարկումների կենտրոնում է հայտնվել Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչ, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի անունը։ Ըստ նույն աղբյուրների, վերը նշված գույքը գտնվում է նրա վերահսկողության ներքո գտնվող տարածքում, և հենց այդ հանգամանքով է պայմանավորված գույքագրման գործընթացի հնարավոր խոչընդոտումը։

Խնդրի քաղաքական բաղադրիչը այստեղ դառնում է առանցքային։ Երբ նման պատմություններում ներգրավված են իշխանության ներկայացուցիչներ, հարցը այլևս չի սահմանափակվում իրավական վեճով։ Այն անմիջապես վերածվում է վստահության ճգնաժամի՝ արդյոք նույն իրավիճակում հայտնված շարքային քաղաքացին կունենա՞ նույն «հնարավորությունները», թե՞ ոչ։

Փորձագիտական շրջանակներում վաղուց է շրջանառվում այն գնահատականը, որ Հայաստանում ձևավորվել է ընտրովի մոտեցում իրավունքի կիրառման հարցում։ Այսինքն՝ նույն օրենքը կարող է գործել տարբեր ձևով՝ կախված անձի քաղաքական կամ վարչական ազդեցությունից։ Նման իրավիճակներում ցանկացած նմանատիպ դեպք ընկալվում է ոչ թե որպես բացառություն, այլ որպես օրինաչափություն։

Եթե շրջանառվող տեղեկությունները հաստատվեն, ապա դա կնշանակի, որ սնանկության գործընթացի առանցքային մեխանիզմներից մեկը՝ գույքի ամբողջական գույքագրումը, կարող է շրջանցվել ազդեցության միջոցով։ Սա լուրջ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն կոնկրետ պարտատերերի համար, այլ նաև ամբողջ տնտեսական համակարգի վրա՝ խաթարելով վստահությունը բիզնես միջավայրում և ներդրումային դաշտում։

Այս պատմությունը հերթական անգամ առաջ է բերում հիմնարար հարց՝ արդյո՞ք Հայաստանի քաղաքական համակարգը կարողանում է տարանջատել իշխանությունն ու մասնավոր շահերը։ Եթե պետական կամ քաղաքական ազդեցությունը օգտագործվում է մասնավոր տնտեսական հարցեր լուծելու համար, ապա դա լուրջ հարված է ոչ միայն իրավական համակարգին, այլև պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությանը։ Ի վերջո, խնդիրը միայն մեկ գործի կամ մեկ անձի շուրջ չէ։ Խնդիրը համակարգային է։ Եվ որքան երկար են նման հարցերը մնում անպատասխան կամ անավարտ, այնքան խորանում է այն համոզմունքը, որ Հայաստանում օրենքը գործում է ոչ թե բոլորի համար, այլ ընտրովի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder