Երկրում տիրում է իրավական քաոս. փաստաբաններն ու իրավաբանները որոշել են մասնակցել ԱԺ ընտրություններին
Քաղաքական
16:42 28/03/2026
Հայաստան

Երկրում տիրում է իրավական քաոս. փաստաբաններն ու իրավաբանները որոշել են մասնակցել ԱԺ ընտրություններին

«Երկրում տիրում է  իրավական քաոս, ինչն իր ազդեությունն է ունենում դատական իշխանության վրա»,- ասուլիսում  ասել է «Նոր Դարաշրջան» կուսակցության նախագահ իրավաբան, փաստաբան Հարություն Հարությունյանը՝ ներկայացնելով, թե ինչու են որոշել  մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Երկար ժամանակ է մեր գործընկերներով, ովքեր փաստաբանական, իրավաբանական գործունեություն ենք ծավալում, քննարկումներ էինք ծավալում, և ամփոփելով մեր մտորումները, պատկերացումները, հնարավոր անելիքները, ներուժը՝ բավականին դժվար  որոշում կայացրեցինք»,- նշել է նա։

Հ.Հարությունյանը տեղեկացրեց, որ այս պահին կուսակցությունն ունի 130 անդամ, առաջիկայում կլինեն համալրումներ իրավաբաններից, փաստաբաններից։

«Մեր թիմը համալրվում է  քաղաքագետներով,  հաշվապահներով, ֆինանսիստներով, փորձում ենք ձևավորել պրոֆեսիոնալ թիմ, որպեսզի այս օրհասական պահին կարողանանք ամբողջությամբ մեր ներուժն օգտագործել պետության, պետականության կայացման գործում»,- ասել է նա։

Հ. Հարությունյանը նաև հայտնել է, որ արտախորհրդարանական ուժերի հետ այս պահին էլ իրականացվում են հանդիպումներ, քաղաքական խորհրդակցություններ, և հաջորդ շաբաթվա սկզբին պաշտոնապես կհայտարարեն իրենց վերջնական որոշումը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ։

Նա նշել է, որ իրենց համար՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումը, իրավական պետության պահպանումը, կերտումը, ժողովրդավարական արժեքների բարձրացումը։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի կախված իշխանություններից, օրենքների կայունությունը պահպանվի, այլ ոչ թե ամեն հաջորդ իշխանություն օրենքը ենթարկի այնպիսի փոփոխության, որը հնարավորություն կտա այդ թվում քաղաքական հետապնդումներ իրականացել նախորդների նկատմամբ։

Շեշտը դնում ենք պետության ողնաշար հանդիսացող դատական համակարգի ամբողջական անկախացմանը, այդ թվում ֆինանսական տեսանկյունից»,- ասաց Հ. Հարությունյանը։

Արտաքին քաղաքականության առումով, ըստ նրա, խնդիրները նույնպես շատ են. «Աշխարհում, կարծեք, գծվում է նոր քարտեզ։ Հայաստանում պետք է քաղաքական ղեկավարությունը ստանձնի այնպիսի ուժ, որն ունի բացառապես հայակենտրոն մոտեցումներ, իհարկե, դաշնակցելով աշխարհի մակարդակով բոլոր խաղացող հզոր ուժերի հետ»։

Կուսակցության տնտեսագետներն ու ֆինանսիստները բազմաթիվ խնդիրներ են արձանագրել նաև տնտեսական ոլորտում։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի է ունեցել «Նոր Դարաշրջան» կուսակցության արտահերթ համագումարը։ Կուսակցության համագումարը կուսակցության նոր նախագահ է ընտրել իրավաբան, փաստաբան Հարություն Հարությունյանին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկրում տիրում է իրավական քաոս. փաստաբաններն ու իրավաբանները որոշել են մասնակցել ԱԺ ընտրություններին